Saturday, December 5, 2009

Ո՞ՐՆ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈ՞ՒՆՔԸ, ԹԵ՞ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հարցին Մադրիդի փաստաթղթի օրինակով պատասխանում է թուրքական «Սաբահ» թերթը «ԱԶԳ», 05-12-2009- Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով ստեղծվել է 17 տարի առաջ: Ունի 13 անդամներ, որոնք ենՙ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, Թուրքիան, Բելառուսը, Ֆինլանդիան, Իտալիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Շվեդիան, ինչպես նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Խմբի համանախագահող երկրներիՙ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, հանդիպելով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որը տանտիրոջ իրավունքով հրապարակել էր Հունաստանը: Հայտարարությանը հենց Աթենքում հրապարակման օրըՙ դեկտեմբերի 1-ին արձագանքել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ հայաստանյան մամուլը հրապարակել էր դրա ամբողջական տեքստը: Այս տեքստում շարադրված են դեռեւս 2007-ի հոկտեմբերի 29-ին Մադրիդում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդունած 4 հիմնարար սկզբունքները: Կրկնությունից խուսափելու համար նպատակահարմար ենք գտնում Մինսկի խմբի հայտարարության տեքստին անդրադառնալու փոխարեն անդրադառնալ ինչպես այդ հայտարարության, այնպես էլ մադրիդյան սկզբունքների թուրքական մեկնաբանությանը: Տվյալ դեպքում խոսքը «Սաբահ» թերթի հեղինակ Էրդալ Շաֆաքի դեկտեմբերի 4-ի հրապարակման մասին է: Հոդվածագիրը նախ նշում է մադրիդյան սկզբունքների մասին, ապա կատարում հետեւյալ հարցադրումը. «Դե լավ, Ադրբեջանն ու Հայաստանը ինչո՞ւ ուրախացան, երբ Մինսկի խումբը հայտարարության մեջ շեշտը դրեց մադրիդյան սկզբունքների վրա: Ուրախացան, որովհետեւ, ըստ Բաքվի, այդ սկզբունքները հիմնավորում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Երեւանը համոզված է, որ դրանք ինքնորոշման իրավունք են տալիս Լեռնային Ղարաբաղին: Այլ կերպ, «Մադրիդի սկզբունքները», Ադրբեջանի պնդմամբ, հիմնահարցի կարգավորման համար նախատեսում են Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարության իրավունքի շնորհումը, իսկ Հայաստանն առաջ է քաշում այն տեսակետը, թե այդ սկզբունքները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից լիարժեք անջատվելու եւ անկախությունը հռչակելու իրավունքը: Հիմա անդրադառնանք հաջորդ հարցին. «Ո՞րն է ճիշտ, կամ ո՞վ է իրավացի»: Պատասխանը մեկն էՙ երկուսն էլ, քանի որ ՄԱԿ-ի կոնվենցիան հավասարապես երաշխավորում է ե՛ւ պետությունների տարածքային ամբողջականությունը, ե՛ւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Ավելին, Գլխավոր ասամբլեայի 12 դեկտեմբերի 1960 թվակիր որոշմամբ ՄԱԿ-ը հաստատել էր. «Որեւէ պատճառաբանությամբ չի կարելի հետաձգել անկախության ձգտող ժողովուրդների պահանջը»: Սակայն նույն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1970 թ. հոկտեմբերի 24-ին ընդունեց մեկ այլ որոշում, որտեղ էլ հայտարարեց. «Ինքնորոշման իրավունքը չի կարող դառնալ ինքնիշխան եւ անկախ պետության տարածքային ամբողջականության վտանգման կամ նրա մասնատման ձեռնարկումների միջոց»: Դե արի ու հասկացի: Ահա թե ինչու կարեւոր նշանակություն է ձեռք բերում Հաագայի միջազգային դատարանի առաջիկա որոշումը, որը նա ընդունելու է հաջորդ տարի: Սերբիայի պահանջով եւ ՄԱԿ-ի հավանությամբ դատարանը քննության է առնելու Կոսովոյի անկախության օրինականությունը: Թեեւ դատարանի որոշումը չի կարող փոխել իրերի դրությունը, որովհետեւ ո՛չ չեղյալ կհայտարարվի Կոսովոյի անկախությունը, ո՛չ էլ այդ բանը հնարավոր է, սակայն դա «սառեցված հակամարտությունների» կագավորման համար կարող է ուղեցույցի դեր կատարել: Մնում է սպասել, թե Հաագայի դատարանն ինչպե՞ս է համադրելու «տարածքային ամբողջականության սկզբունքը» «ինքնոոշման իրավունքի հետ» կամ հաշտեցման ի՞նչ եզրեր է գտնելու»: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: