Saturday, January 30, 2010

ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ

«Լրագիր» 30-1-2010- ԱՄՆ պետական քարտուղարությունը տարածել է նախօրեին Փարիզում, Էկոլ Միլիտեր ռազմական ակադեմիայում պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթի հիմնական դրույթները: Ելույթում ընդգծվում է ԱՄՆ հավատարմությունը երկրների ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ թվարկվում են սկզբունքները, որոնք դրված են Եվրոպայում անվտանգության ամերիկյան քաղաքականության հիմքում: Ելույթում նշանակալի տեղ է հատկացվում նաեւ անվտանգության նոր համակարգում Ռուսաստանի ներգրավվածության թեմային: “Մենք մասնակցում ենք եվրոպական դաշնակիցների հետ բանակցություններին` հակահրթիռային պաշտպանության նոր ճարտարապետության մեջ նրանց հնարավոր մասնակցության մասին: Միեւնույն ժամանակ մենք ուսումնասիրում ենք Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներն այնպես, որպեսզի ամրապնդենք ողջ Եվրոպայի անվտանգությունը, ներառյալ Ռուսաստանը”, ասվում է պետքարտուղարի ելույթում: Ելույթից հետեւում է, որ ԱՄՆ նպատակը հանգում է անվտանգության ժամանակակից կառուցվածքի ստեղծմանը, որը ամրապնդում է տարածքային ամբողջականությունը, առաջինը ուժ չկիրառելը, ինչպես նաեւ երկրների իրավունքը` համաձայնել օտարերկրյա ուժերի ներկայությանը իր տարածքում: Ելույթում հիշատակվում է ԱՄՆ նախագահ Օբամայի հռչակած նպատակը` ստեղծել միջուկային զենքից զերծ աշխարհ: Նշվում է, որ այդ ուղղությամբ կա ձգտում աշխատել Ռուսաստանի հետ: “Մենք կշարունակենք միասին աշխատել կառուցելու ավելի բովանդակալից ու կառուցողական հարաբերություններ, հիմնված համատեղ շահերի վրա”, նշել է Քլինթոնը: Միաժամանակ, ԱՄՆ պետք է եւ զգոն է լինելու` հակադարձելու արտաքին քաղաքականություն վարելու, դաշնակիցներ ընտրելու եւ սեփական պաշտպանությունն ապահովելու ցանկացած երկրի իրավունքը խախտելու բոլոր փորձերին, ասվում է ելույթում: Նրա խոսքով, Վաշինգտոնը մերժում է ազդեցության ոլորտի իրավունքը, երբ մի երկիրը փորձում է ապահովել մեկ այլ երկրի ապագայի կառավարումը: Մենք պետք է միասին աշխատենք յուրաքանչյուր երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ, ներառյալ նոր գաղափարների ու մոտեցումների փոխանակումը, նշել է Քլինթոնը: Իր ելույթում նա ընդգծել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կոլեկտիվ անվտանգությանը հավատարմությունը, որն արտահայտված է Դաշինքի հիմնարար ակտի 5-րդ հոդվածում, ըստ որի հարձակումը մեկ երկրի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա:

No comments: