Saturday, January 30, 2010

Դավութօղլուն լոնդոնյան իր ելույթում հայերին կոչ է արել մոռանալ անցյալն ու նայել ապագային

News.am. 30-1-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Լոնդոնում ելույթ է ունեցել Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (IISS), որ ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա, Իսրայել-Պաղեստին, Թուրքիա-Իսրայել հարաբերություններին։ Հայաստանի հետ հարաբերություններին անդրադառնալիս Դավութօղլուն կրկին հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը մերժող հերթապահ հայտարարությամբ։ Թուրքական Samanyolu կայքէջի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հրաշալի հարաբերություններ ունենալ, եւ անհրաժեշտ համարել, որ այդ հարաբերությունները իրենց արտացոլումը գտնեն աշխարհի տարբեր մասերում ապրող հայերի եւ թուրքերի հարաբերությունների վրա։ «Պատմությո՞ւն ենք վերապրելու, թե՞ մեր ապագան ենք կառուցելու։ Մենք չենք ընդունում Ցեղասպանությունը, որովհետեւ հայերը եւ թուրքերը նույն գյուղերում, քաղաքներում հազար տարուց ավել միասին են ապրել եւ ոչ մի քաղաքացիական լարվածության դեպք չեք կարող տեսնել։ Ստորագրված արձանագրություններով ցանկանում ենք Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները եւ Կովկասը տեսնել ընդգրկուն խաղաղության մեջ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չենք կարող ընդունել։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, հայերի եւ թուրքերի եւ բոլոր երկրների միջեւ հարաբերությունները լինեն կարգավորված»,-նշել է Դավութօղլուն։

No comments: