Saturday, January 30, 2010

ԹՈւՐՔԻԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ

Report.am.30-1-2010- Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին կայացրեց վերջնական և հրապարակման պահից ուժի մեջ մտած որոշում, որով 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող: Սփյուռքում, ինչպես նաև Հայաստանի այն շրջանակներում, որոնք խստորեն քննադատում էին նախագահ Սարգսյանի « ֆուտբոլային դիվանագիտությունը», հատկապես` օգոստոսի 31-ին հրապարակված զույգ և փոփոխման ոչ ենթակա արձանագրությունները, Սահմանադրական դատարանի որոշումը ընդունեցին որոշ գոհացումով: Դատարանի որոշման նկարագրական հատվածում, որը կազմված է յոթ-ութ էջերից, արտացոլում են գտել գրեթե բոլոր այն մտահոգությունները, որոնք ամիսներ շարունակ ներկայացնում էին Հայաստանի իշխանություններին քննադատողները: Փաստորեն, Սահմանադրական դատարանի որոշման նկարագրական և միջազգայնորեն ուժ չունեցող, ներքին սպառման համար հրապարակած էջերում գրեթե անթաքույց ասվում էր, որ ստորագրված արձանագրություններում կան նախապայմաններ: Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայ-թուրքական այսօրվա գործընթացը քննադատողները հերթական անգամ հրապարակավ դատապարտեցին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով փնթի և Հայաստանի պետական շահերին հակասող փաստաթուղթ էր քննարկել, ապա և ստորագրել այն Ցյուրիխում: Եթե Հայաստանի խորհրդարանը ստորագրված երկու արձանագրությունները վավերացնի առանց վերապահումների, ապա ճիշտ դուրս կգան բոլոր այն քննադատները, ովքեր հայտարարում են, որ Սահմանադրական դատարանի որոշումը սխալ և Հայաստանի իշխանությունների հերթական չհաշվարկված քայլն էր: Ինչու: Որովհետև թուրքական կողմը` վկայակոչելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման հենց նկարագրական և միջազգայնորեն արժեք չներկայացնող մասը, ամբողջ աշխարհում հակահայ քարոզչություն է անելու`փորձելով ցույց տալ, թե Հայաստանն է նախապայմանների լեզվով խոսում: Եթե հետևենք թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, ապա ակնհայտ կդառնա, որ նրանք` վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումը, փորձում են Հայաստանից հավելյալ զիջումներ կորզել` չբավարարվելով Հայաստանի պետական շահերին հակասող երկու արձանագրություններում տեղ գտած նախապայմաններով: Անկախ նրանից, թե հետայսու ինչպես կզարգանան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Անկարան ստացել է իր փափագած երեք նախապայմաններից երկուսը` պաշտոնական Երևանը համաձայնվել է թուրքերի և այլ օտար փորձագետների հետ քննարկել Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև` ընդունել է Կարսի պայմանագրով գծված Հայաստան-Թուրքիա այսօրվա սահմանները: Թուրքական կողմը, հավանաբար ձգտելով իրականություն դարձնել նաև երրորդ նախապայմանը, այն է` Արցախի հարցում հասնել Ադրբեջանի համար ընդունելի առաջընթացի, առաջիկայում փորձելու է շահարկել հենց Սահմանադրական դատարանի որոշումը: Այսօր Հայաստանում հնչում են կարծիքներ, թե Հայաստանի խորհրդարանը, առանց սպասելու Թուրքիայի խորհրդարանին, պետք է անհապաղ վավերացնի արձանագրությունները` այսպիսով Թուրքիային դնելով անհարմար վիճակի մեջ: Նման կարծիք արտահայտողները պնդում են, որ եթե Հայաստանի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, ապա միջազգային հանրությանը այլ բան չի մնա, քան ճնշումներ բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի նա էլ վավերացնի դրանք: Այստեղ վտանգավոր և մի քանի սխալ հաշվարկ կա: Նախ, Հայաստանի խորհրդարանը արձանագրությունները նման ձևով վավերացնելով, օրենքի ուժ կտա Հայաստանի պետական շահերին հակասող և Թուրքիայի նախապայմանները բավարարող երկու փաստաթղթերին: Երկրորդ, եթե միջազգային հանրությունը պատրաստ լիներ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի ճնշումներ բանեցնել Անկարայի վրա, ապա դա կաներ անցնող տասնյոթ տարիներին, երբ Թուրքիան, խախտելով մի շարք միջազգային կոնվենցիաներ, ապօրինաբար փակել է Հայաստանի հետ սահմանը` իր դրացի երկրին ենթարկելով շրջափակման: Երրորդ, եթե անգամ միջազգային հանրությունը աննախադեպ ճնշումներ բանեցնի Անկարայի վրա, ապա դա բավարար չի լինի, որպեսզի Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները: Չէ որ Երևանն ու Անկարան համաձայնվել են «ողջամիտ ժամկետներում» այդ արձանագրությունները վավերացնել: «Ողջամիտ ժամկետը» հայերի համար կարող է նշանակել մի քանի ամիս, իսկ թուրքերի համար` մի քանի տարի կամ տասնամյակ: Չպետք է բացառել, որ ի վերջո Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, բայց դա կանի այն ժամանակ, երբ ցանկանա, այսինքն` իրեն հարմար ժամանակ: Եթե Հայաստանն ու Սփյուռքը աղաչեն-պաղատեն Թուրքիային, որ նա չբացի Հայաստանի հետ սահմանը և ևս տասնյոթ տարի շրջափակման տակ պահի մեր երկիրը, ապա Թուրքիան կարող է բացել սահմանը, եթե դա բխի ի՜ր շահերից: Բացի այդ, Հայաստանում շատերը չեն գիտակցում, որ սահմանը բացելով Թուրքիան Հայաստանին լավություն չի անում, այլ իրականացնում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում թույլ տվեց արտաքին քաղաքական մի շարք սխալներ, բայց կոպտագույնը և ճակատագրականը Ցյուրիխն էր: Հայաստանի գործող վարչակազմը` գլխավորությամբ նախագահ Սարգսյանի ու նրա արտգործնախարար Նալբանդյանի, հրաշալի շանս ունեին հենց Ցյուրիխում համայն աշխարհին ցույց տալու, որ Հայաստանն արժանապատիվ կեցված ունեցող պետություն է և պատրաստ է շրխկացնելով փակել դուռը, երբ անտեսվում են իր շահերը: Սակայն Նալբանդյանը, ունենալով նախագահ Սարգսյանի հավանությունը և տեղի տալով ռուս-թուրք-ամերիկյան ճնշումներին, ստորագրեց պատմական բախտորոշ փաստաթուղթը: Հենց պատմությունն էլ պիտի դատի, թե ինչ գին է ունենալու այդ փաստաթուղթը: ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան

No comments: