Tuesday, January 5, 2010

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ԵՄ անդամակցության հետ կապ չունի. Գյուլ

Tert.am.5-1-2010- Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը որևէ կապ չունի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ: Այս մասին CNN Türk հեռուստաընկերությանն ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: «Ոչ հայ-թուրքական հարաբերությունները, ոչ էլ Հյուսիսային Կիպրոսի խնդիրը Թուրքիայի անդամակցության հետ առնչություն չունեն»,- ասել է նա: Գյուլը նաև նշել է, որ որոշ եվրոպական ուժեր ճնշում են գործադրում Թուրքիայի վրա՝ կարծելով, թե այդ խնդիրը խոչընդոտում է Անկարայի անդամակցության գործընթացը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ նույնիսկ եթե չլիներ ԵՄ անդամակցության հարցը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այն խնդիրներից է, որ Անկարան ձգտում է լուծել: Գյուլը նաև ընդգծել է Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևորությունը: «Կովկասը չպետք է պատ դառնա Արևմուտքի և Արևելքի միջև: Տարածաշրջանի սառեցված հակամարտությունները պետք է լուծվեն»,- ասել է նա: Գյուլը նշել է, որ Անկարան տարածաշրջանում թափանցիկ քաղաքականություն է վարում:

No comments: