Tuesday, January 5, 2010

Ռուսաստանցի փորձագետ. Մի քանի տարուց մենք կարող է չճանաչենք Կովկասի քաղաքական քարտեզը

News.am. 3-1-2010- 2009թվականը չի մոտեցրել Հարավային Կովկասի եւ ոչ մի հակամարտության լուծում, ո՛չ ղարաբաղյան, ո՛չ աբխազական, ո՛չ հարավօսական: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական մշակույթի ռուսաստանյան հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը: Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում 2009թ. առաջընթաց տեղի չի ունեցել, «թերեւս չի լինի եւ 2010թվականին»: «Գործող ստատուս-քվոյի պահպանումը տարածաշրջանում հնարավոր զարգացումներից առավել լավատեսական սցենարն է: Դրա պատճառը, առաջին հերթին, Ղարաբաղի կարգավիճակի եւ գործողությունների շարունակականության հարցում Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումն է»,- հայտարարեց Արեշեւը: Նրա խոսքով, իրավիճակը բավական բարդ է, բայց հայկական եւ ղարաբաղյան ղեկավարության գերակա խնդիրն է ակտիվ տեղեկատվական քաղաքականությունը՝ միտված հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես եկող երկրներին հակամարտության իրական բնույթի ներկայացմանը, նաեւ այն բացասական հետեւանքներին, որ կարող է լինել «ապասառեցման արդյունքում»: «Մյուս կողմից, դա այն հստակ գիտակցումն է, որ անգամ մի շրջանի կամ փոքրիկ տարածքի հանձնումը առանց դրա դիմաց երաշխիքների ստացման, որ գործնականում չի կարող տալ ոչ ոք, հղի է լինելու բացասական հետեւանքներով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի համար»,- նկատեց փորձագետը: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք եկող տարի նոր զինված հակամարտություն կամ առկա «սառեցված» հակամարտությունների վերսկսում, Արեշեւը նկատեց, որ նման հնարավորությունը բացառել չի կարելի, սակայն շատ բան կախված է հակամարտության կողմերից: Նա հավելել է նաեւ, որ բոլոր բարդ իրողությունների եւ այն փաստի պատշաճ գիտակցումը, թե ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն պետք է լինի հստակ միջազգային երաշխիքների դեպքում, իրավիճակը մնալու է սառեցված վիճակում: Նոր տարում, Արեշեւի խոսքով, բանակցությունները հիմնականում ընթանալու են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ: «Բանակցությունները կարող են ընթանալ որքան կուզեն երկար, եւ կողմերը կարող են դժգոհություն հայտնել դրանց ընթացքից կամ արդյունքներից, բայց ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան դրանց բացակայությունը կամ հակամարտությունների վերսկսումը»,- կարծում է փորձագետը: Խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման գործընթացի մասին, որը նրա գնահատականով՝ անցնող տարվա ամենանշանակալի իրադարձությունն է, հակասական զգացմունքներ է առաջացրել հայերի մեջ, սակայն, ըստ Արեշեւի, այդ ուղղությամբ գործողություններ կատարելն անհրաժեշտ էր: «Ցավոք, այդ հարաբերություններում կան եւ երրորդ կողմեր՝ Ադրբեջանը, Միացյալ Նահանգները: Վերջինս, որոշ տվյալներով, այդ գործընթացի նախաձեռնողն են»,- հավելել է նա: 2010թ., ըստ փորձագետի, դժվար թե արմատական փոփոխություններ կլինեն, «իսկ արդեն հաջորդ տարիների վերաբերյալ ես կնախընտրեի խոսել ավելի քիչ հավանականությամբ, քանի որ ընդհանուր առմամբ իրադարձությունները զարգանում են բավական դինամիկ, եւ մի քանի տարուց մենք կարող է չճանաչենք Կովկասի քաղաքական քարտեզը»: Եթե ամեն ինչ գնա նախկինի պես, եւ Անկարան կարգավորման գործընթացը շաղկապի ղարաբաղյան խնդրի հետ, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, գործընթացն ուղղակի կմտնի փակուղի: Տարածաշրջանի մյուս հակամարտությունների՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կապակցությամբ էլ նկատեց, որ իրավիճակն աստիճանաբար լարվում է, եւ կասկած չկա, որ այդպես էլ շարունակվելու է. "Լայնամասշտաբ սադրանքների հավանականությունն իրական կլինի արդեն 2010թ. վերջին կամ 2011թ.: Չնայած Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչմանը՝ որպես անկախ պետություններ, Վրաստանը չի համակերպվել այդ տարածքների կորստի հետ, շարունակվում է երկրի արագացված ռազմականացումը, ինչը նախկին պես արվում է ԱՄՆ-ի աջակցությամբ: «Այստեղ ոչինչ չի փոխվել Բուշի վարչակազմի ժամանակներից, թերեւս արվում է ոչ այնքան հրապարակային եւ բարձր, եւ աջակցությունն էլ տրվում է ոչ այդքան բաց»: Փորձագետների գնահատականներով, ըստ Արեշեւի, Վրաստանն արդեն զգալիորեն բարձրացրել է իրա մարտունակությունը՝ անգամ 2008թ. օգոստոսի համեմատ: «Ռուսաստանը ստիպված է լինելու բախվել նոր մարտահրավերների»,- նշեց Արեշեւը՝ հույս հայտնելով, որ 2010թ. Ռուսաստանն իր արտաքին քաղաքականությունը կհանի ստվերից եւ կսկսի ավելի ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում:

No comments: