Saturday, January 30, 2010

ՔՐՈՆԻԿ ԱՊԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

Արթուր Ավթանդիլյան. Ռազմավարական քաղաքականության ակումբի անդամ: Վերլուծական-հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: Ներկայում աշխատում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնում: -Ըստ Ձեզ, այսօրվա Հայաստանում ներկա իրավիճակն ինչպիսի՞ն է, առհասարակ ո՞ւր ենք գնում: -Դեռևս 1998 թվականին լուսահոգի Տիգրան Հայրապետյանը շատ խոսուն վերնագրով հոդված գրեց` “Բորենիների ժամը”: Այդ հոդվածից անցել է արդեն տասներկու տարի, բայց այն իր արդիականությունը չի կորցրել: Ինչո՞ւ բորենիներ, որովհետև նրանք հավաքվում են դիակի շուրջ: Քաղաքագիտական տեսակետից այսօր դե ֆակտո մենք դադարել ենք պետություն լինելուց: -Իսկ ե՞րբ էինք պետություն և ե՞րբ դադարեցինք այն ունենալուց: -Անկեղծ ասած, մենք պետություն չենք էլ եղել: Այս կամ այն չափով փորձեր եղել են, բայց ես հակված եմ ցանկացած երևույթի մասին գնահատել ըստ արդյունքների: Այդ փորձերը չեն հաջողվել բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով` սկսած 91 թվականից (գուցե և ավելի վաղ): Ըստ էության, պետականաշինության գաղափարախոսությունը պետք է ձևավորվեր արցախյան շարժման ալիքի, քաղաքացիների հոգևոր վերելքի վրա: Հենց այդ պահից սկսած մեզ մոտ իրականում շարունակաբար ձախողում է գնացել պետականաշինության գործում: Եվ հիմա պարզ և հստակ պետք է արձանագրենք իրավիճակը. մենք ապրում ենք քրոնիկ ապապետական միջավայրում` իրեն բնորոշ ախտանշաններով: Օրինակ`տարին նոր է սկսվել, բայց անընդհատ շրջանառվում է ընտրություն երեքի միջև բանաձևը` այսինքն` ո՞ր նախագահն է առավել արժանի նախագահի աթոռին` առաջի՞նը, երկրո՞րդը, թե երրորդը: Ու ինձ համար ինչ-որ տեղ ապշեցուցիչ է, որ նման անպտուղ, կեղծ բանաձևի մեջ ներգրավված է հասարակության գրեթե ամբողջ ակտիվ հատվածը: Կարծես թե հայ ժողովրդի ճակատագրին երկաթագիր փորագրված է` «Ընտրիր չարյաց փոքրագույնը»: Դրա համար մենք պետք է օգտվենք նրանից, ինչ կա: Արդյոք պետք է արդեն արձանագրել, որ Հայաստանի քաղաքական, հասարակական միտքը վերջնականապես ամլացել է: -Այսինքն`հասարակությունը չի ուզում, չի հասել այդ գիտակցության: -Շատերի գիտակցության մեջ պարզապես ազատ անկյուն գոյություն չունի, ուր այդ ուժը կկարողանա ծլարձակել: Երբ մարդիկ հայտնվում են հուսահատ վիճակում, բայց լավ չեն գիտակցում խորքային պատճառները, նրանք սովորաբար համակվում են ինչ-որ բան անելու մարմաջով: Բոլորը պատրաստ են զանգ կախել, միայն թե հանկարծ նրանցից չհարցնես` ինչի՞ համար են կախում զանգը և ի՞նչ են անելու դրանից հետո: Անկեղծ ասած` ինձ մոտ տպավորություն է, որ մենք կռապաշտական հասարակությունում ենք ապրում, կռապաշտական ոչ թե կրոնական, այլ ավելի շուտ` քաղաքական իմաստով: Ու հիմնական խնդիրն այն է, որ մենք բացարձակապես կորցրել ենք հավատը և վստահությունը մտքի` որպես համակարգաստեղծ, որպես ընդհանրապես նյութաստեղծ մի երևույթի նկատմամբ: -Կորցրե՞լ ենք, թե պետականության բացակայության հետ միտք էլ չենք ունեցել: -Ընդհանրապես, հայկական հասարակությունը լավ հասկանալու համար միգուցե պետք է քաղաքագիտական, էթնոհոգեբանական փորձաքննություն իրականացնել` հասկանալու համար` ինչու է միտքն այդքան ոչ պահանջարկված Հայաստանում: Մեր ամբողջ գործողությունները կատարվում են ըստ իրավիճակի. ցանկացած ճակատում, ցանկացած ոլորտում` ներքին, արտաքին, միջկուսակցական, ներկուսակցական… Բնականաբար, նոր չի ստեղծվել այն իրավիճակը, երբ հասարակությունը և ադմինիստրացիան լռելյայն համաձայնությամբ ինքնամեկուսացվել են միմյանցից: Պարզ ախտանիշ. դատավորի կողմից տրված դատավճիռը գերազանցում է ՔՕ այդ հոդվածով սահմանված պատժաչափը: Կամ կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունը կատարում է աբսուրդային ծախսեր, որոնց վերաբերյալ չի բարեհաճում որևէ հոդաբաշխ պարզաբանում տալ: Ինչքան էլ մենք խոսում ենք Հայաստանում լեգիտիմության դեֆիցիտի մասին, իսկ ես գերադասում եմ դա անվանել ոչ թե իշխանություն, այլ ադմինիստրացիա, այն Հայաստանում փաստացիորեն լեգիտիմ է: Եվ եթե ցանկանում ես ցույց տալ, որ դու տվյալ ադմինիստրացիային ճանաչում ես ոչ լեգիտիմ, պետք է ստեղծես քո սեփական մտավոր համակարգը, քո սեփական դիսկուրսը, քո սեփական արժեքային կողմնորոշիչները, որոնք պարզորոշ կերպով կտարաբաժանեն քոնը և այլոցը: Նայեք մեր ընդդիմադիր մամուլի “դիսկուրսին”. “մենք գիտենք, որ ընտրություններում չենք հաղթելու, մենք հասանք նրան, որ իշխանությունը հերթական անգամ գնաց ապօրինությունների…” այդ ամեն ինչը բերում է նրան, որ սովորական քաղաքացին ամբողջ քաղաքական դաշտից մեկուսանում է, որովհետև ոչ մի հստակ կողմնորոշիչ չկա: Ընդ որում, վերջին տարիները ապացուցեցին, որ երբ հայտնվում են այդ կողմնորոշիչները, հասարակությունը շատ արագ մոբիլիզացվում է: -Ի՞նչ է պետք անել, որ այդ հստակ կողմնորոշիչը ծնվի, ու հասարակությունը չմեկուսանա, ակտիվորեն գործընթացների մասնակիցը դառնա: -Այդ գործընթացի առաջին կայծերն արդեն կան: Ես տեսնում եմ դրանք այն քննարկումներում, որոնց մի մասին ես մասնակցում եմ, մյուս մասն էլ որևէ կերպ հայտնի են դառնում: Այսինքն` որոշակի մի հատվածի մոտ վերջապես գիտակցական պահանջարկ է առաջացել զրուցելու, քննարկելու այն հասկացություններն ու խնդիրները, որոնք համարվել են աքսիոմատիկ և անբեկանելի: Դա շատ ու շատ էական է: Կամ նոր որակը ձևավորվում է, կամ մենք կանգնում ենք լրջագույն վտանգների առջև: Ես ավելի շատ պատկերացնում եմ այսպես` մտավոր հեղափոխություն: Որպես սկիզ, բոլորովին էլ էական չէ` դա կլինի 100, 1000, թե 10.000 հոգու մեջ, կարևորը որ լինի ինչ-որ մի խմբի շրջանակներում հստակ գիտակցված մտավոր նախաձեռնություն: Եթե դա կդառնա կայացած փաստ, շատ ու շատ խնդիրներ, որոնց վրա ենթադրաբար ազդեցություն չունենք, իրենք իրենց կառաջարկեն այդ լուծումները, որովհետև կստեղծվի մի գիտակցական ընդհանուր դաշտ, որի վրա հնարավոր կլինի պրոյեկտել ցանկացած հասարակական իրավիճակ, ախտորոշել ցանկացած հասարակական երևույթ և ելնելով այդ դաշտի չափանիշներից` տալ հիվանդության բուժման լուծումներ: -Քննարկումների արդյունքում ի՞նչ տարբերակներ կան, ի՞նչ եք Դուք առաջարկում: -Ցանկացած ուժ առաջին հերթին պետք է առանձնանա իրավիճակն ադեկվատ ընկալելու կարողությամբ, որը իշխանական (ադմինիստրատիվ) շրջանակներում բացակայում է վաղուցվանից, իսկ ընդդիմադիր դիսկուրսում`«անունը կա, ամանում` չկա»: Երկրորդ նախապայմանը. բոլոր այդ մտավոր նախաձեռնության ներքո հավաքվածները հստակորեն կարողանան հասկանալ` ինչի շուրջ են նրանք միավորված, և ոչ թե ինչի դեմ են միավորված, որովհետև վերջինը զուտ իրավիճակային է: Այսինքն` պետք է ստեղծել մի հստակ հիմք, որը կարողանա բնականորեն արձագանքել ցանկացած իրավիճակի. կլինի դա ավազակապետություն, օլիգարխիա, բռնապետություն և այլն: Մնացյալը` թե թիրախների ընտրությունը, թե թիրախների ընտրության չափորոշիչների ընտրությունը, էական չեն. դրանք ընդամենն ածանցյալներ են, ու այդ պարզ ճշմարտության գիտակցման պակասն է, որ Հայաստանում հանգեցնում է նման խնդիրների: Իրականում խնդիրը նաև այն է, որ որակական լուծումները միշտ ավելի մեծ ճիգեր են պահանջում, տնտեսագիտական լեզվով ասած` ավելի երկարաժամկետ ներդրում են պահանջում: Այսինքն` դու հիմք ես դնում կամ մասնակցում ես մի գործընթացի, որի պտուղները կարող է բավական ուշ քաղես: Ավելի գայթակղիչ ու ձեռնտու է իրավիճակային գործողության, իրավիճակային ակցիայի մեջ ներգրավվելու ու ինչ-որ կարճաժամկետ օգուտներ ստանալու տարբերակը: Իմիջիայլոց, դա զուտ օլիգարխիկ հոգեբանություն է: Եթե նկատել եք, Հայաստանում փողատերերը սկզբունքորեն հրաժարվում են սեփական միջոցներով երկարաժամկետ տնտեսական նախագծեր իրականացնել, որոնք ասենք ծախսերը կփակեն 5 կամ 10 տարի հետո: Նույն «կանխիկի» հոգեբանությունն է նաև այստեղ. բնականաբար ընտրվում է նվազագույն դիմադրության ճանապարհը: -Ձեր կարծիքով, հնարավո՞ր է Հայաստանում նոր ուժի ձեւավորում, կա՞ արդյոք նման պահանջարկ: Հնարավո՞ր է որ այդ նոր ուժը ձեւավորվի ՀԱԿ-ից: -Ներկայիս ընդդիմադիր «համայնքը» չի սպասարկում հասարակական պատվերները. ներքաղաքական ասպարեզում փաստացիորեն մոռացության է տրված արդար ու լեգիտիմ իշխանություն ունենալու պահանջը, իսկ արտաքին քաղաքականության պարագայում չկան Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակներ: Հետևաբար, նոր ուժի ձևավորումը 2010-2011թթ.-ին գրեթե անխուսափելի կլինի: Գուցե այն ներառի ՀԱԿ-ի որոշ անդամների, սակայն ՀԱԿ-ն ինքնին այդ դաշտում այլևս անելիք չունի: Կոնգրեսը ներկայում դարձել է իր իսկ որդեգրած դիսկուրսի զոհը: Հռչակելով «սահմանադրական ճանապարհով» իշխանափոխության և ավազակապետության տապալման ուղին` ՀԱԿ-ն այդ հասկացությանը տվեց խիստ ֆորմալիստական բովանդակություն` սահմանափակվող ընտրական պրոցեդուրաներով: Մինչդեռ «սահմանադրականությունը» ՀՀ սահմանադրության հոդված 2-ն է, որն աներկբա սահմանում է` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

No comments: