Tert.am. 17-3-2010- Ներկա պահին չի սպասվում, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը ներառվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Կալիֆոռնիան ներկայացնող հանրապետական կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը:
«Ինչքանով ես գիտեմ` Օբամայի վարչակազմը և Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը համաձայնության են եկել: Ներկայացուցիչների պալատը որոշել է առայժմ չքննարկել այդ բանաձևը: Սակայն ԱՄՆ-ի հայ համայնքը պետք է շարունակի իր ճնշումները բանաձևի հարցում և պատրաստ լինի. ի վերջո այդ բանաձևը հայտնվելու է լիագումար նիստի օրակարգում»,- հայտարարել է հայամետ կոնգրեսականը:
Ռադանովիչը բանաձևի քվեարկության ժամանակ «դեմ» քվեների մեծ քանակը բացատրել է կոնգրեսականների նկատմամբ ճնշումներով:
«Այս տարի ճնշումները բավական շատ էին: Լուրջ դիմադրություն էր նկատվում Պետքարտուղարության կողմից: Եվ Արտաքին քաղաքական գերատեսչության այն դիրքորոշումը, թե բանաձևի ընդունումը սխալ է լինելու, ինքնաբերաբար լուրջ ճնշումներ էր գործադրում կոնգրեսականների նկատմամբ»,- նշել է Ռադանովիչը:
Ի պատասխան այն հարցին, թե Կոնգրեսի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն արդյո՞ք կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին, Ջորջ Ռադանովիչը հայտարարել է. «Բանաձևի ընդունման դեպքում թուրքերը երեք ամիս կտխրեն և կնեղանան, որից հետո հարաբերությունները կվերադառնան իրենց բանկանոն հուն, որովհետև ինչպես ԱՄՆ-ն Թուրքիայի կարիքն ունի, այնպես էլ Թուրքիան` Միացյալ Նահանգների: Իսկ դա այն հարցը չէ, որի համար արժե փչացնել հարաբերությունները»:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment