Wednesday, March 17, 2010

Սերգեյ Լեբեդեւ. ԱՊՀ բոլոր անդամները շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման մեջ

/PanARMENIAN.Net/ 17.03.2010 - Կասկածի նշույլ անգամ չկա, որ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) բոլոր անդամները շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման մեջ: Այդ մասին հայտնել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: «Ես` որպես ԱՊՀ Գործկոմի նախագահ, անկեղծորեն ուրախ կլինեի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հանգեին խնդրի խաղաղ եւ արդար լուծմանը»,- ասել է Լեբեդեւը: Նրա խոսքով, ԱՊՀ Գործկոմն ու Համագործակցության այլ կառույցներն ուղղակի մասնակցություն չեն ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բայց սեփական հնարավորությունների սահմաններում ակտիվորեն օժանդակում են փոխընդունելի որոշումների որոնմանն ուղղված ջանքերը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է: ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն եւ Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991թ. դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում: ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: 2009 թվականի օգոստոսին Համագործակցությունից դուրս գալու գործընթացն ավարտեց Վրաստանը: Հայաստանը ԱՊՀ անդամ դարձավ 1992թ. փետրվարի 18-ին:

No comments: