Wednesday, March 17, 2010

Էրդողան. Շվեդիայի վարչապետը խելամիտ պատասխան է տվել Թուրքիային, ինչը կարելի է ընդունել որպես ներողություն

News.am. 17-3-2010- Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծից հետո Ստոկհոլմից Անկարա էր կանչվել Թուրքիայի դեսպանը: Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Շվեդիայի վարչապետի արած հայտարարությունը Թուրքիայում ընդունել են որպես փոխհատուցում եւ կամաց կամաց սկսվում են բարելավել Շվեդիայի հետ հարաբերությունները: Zaman-ին տեղեկացրած դիվանագիտական աղբյուրները նշել են, որ մոտ ժամանակներս Շվեդիայում Թուրքիայի դեսպանը կվերադառնա Ստոկհոլմ: Թուրքիան սպասում է ԱՄՆ-ից եւս Շվեդիայի վարչապետի հայտարարության նման մի ուղերձ ստանալ: Անգլիայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ Շվեդիայի իր գործընկերը խելամիտ պատասխան է տվել Թուրքիային, ինչը թույլ է տալիս այն ընդունել որպես ներողություն հայցելու պես մի բան: NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել է, որ Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել իր երկրի խորհրդարանի կողմից ընդունված որոշման համար: «Կառավարության անունից հայտարարում եմ, որ մենք կտրուկ դեմ ենք եղել հիշյալ օրինագծի ընդունմանը, բայց չենք կարողացել կանխել այն: Այդ ամենը եղել է ներքին քաղաքական զարգացումների արդյունք: Սակայն չպետք է թույլ տալ, որ դա ազդի թուրք-շվեդական հարաբերությունների վրա: Շվեդիան այսուհետ եւս կշարունակի աջակցել Թուրքիային՝ ԵՄ-ի անդամակցության ճանապարհին եւ այլ ոլորտներում: Շվեդիայի կառավարությունը պատրաստ է անել անհրաժեշտը՝ թույլ չտալու համար, որ մեկ քվեի տարբերությամբ ընդունված որոշումը ստվերի մինչ այսօր եղած երկկողմ հրաշալի հարաբերությունները»,-ասել է Շվեդիայի վարչապետը:

No comments: