Wednesday, March 17, 2010

Էրդողան. Հարկավոր է Հայաստանին ազատել Սփյուռքի հսկողությունից

Panorama.am. 17-3-2010- Նախօրեին Լոնդոն մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով: Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի տեղեկացմամբ` լրագրողներից մեկը, հիշեցնելով «BBC»-ին տված Էրդողանի հարցազրույցը, նրան խնդրել է ևս մեկ անգամ անդրադառնալ Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի հնարավոր արտաքսման հարցին: Թուրքական կառավարության ղեկավարը, վերահաստատելով հարցազրույցում արտահայտած իր դիրքորոշումը, ընդգծել է, որ ավելի քան 10 տարի Թուրքիայում ապօրինի բնակվող հայեր կան: Մինչև հիմա թուրքական կառավարությունը դա հանդուրժել է, բայց եթե Անկարայի համար անցանկալի զարգացումները շարունակվեն, ապա թուրքական իշխանություններն անօրինական բնակություն հաստատած հայերի հարցը ստիպված կլինել վերանայել, վերագնահատել: Այդ դեքպում էլ, ըստ Էրդողանի, համապատասխան քայլերը կկատարվեն: Այդ առնչությամբ մեկ այլ հարցի պատասխանելով` Թուրքիայի վարչապետն ասել է. «Հարկավոր է Հայաստանին ազատել սփյուռքի հսկողությունից: Այս հարցում մեծ պարտականություն կա նաև Մինսկի եռանխագահության ուսերին: Անհրաժեշտ է, որ դա հաջողվի Մինսկի խմբին: Եթե դա հաջողվի, ապա բոլոր խնդիրներն ինքնաբերաբար կչքանան: Այդժամ ոչ Թուրքիայում նման հարցեր կլինեն, ոչ էլ այլևս խնդիրներ` Հայաստանի ու Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև»:

No comments: