Wednesday, March 17, 2010

ԱՄՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿԻՑ

«Լրագիր» 17-3-2010- Այն ամենն, ինչ տեղի է ունենում միջազգային քաղաքականության մեջ, տեղի է ունենում աշխարհում կատարվող գլոբալ պրոցեսների համատեքստում: Տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ, որի մի մասն են նաև հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, ասել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մուրադյանի կարծիքով, հայկական հարցն ազդում է նաև ՆԱՏՕ-ի քաղաքականության վրա: “Հարցն այն է, որ 1.5 տարի առաջ արդեն պարզ էր, որ այս փուլում կարգավորում չի լինի, և կարգավորման փորձերը կբերեն հարաբերությունների լարվածություն: Հայ-թուրքական հարաբերություններ կային, և բավական կայուն, և մեկը մյուսի ներքին գործերին չէին խառնվում: Այժմ Թուրքիայի ձեռքին են կապել նաև Ղարաբաղի հարցը: Թուրքիային այնքան ապակայունացրել ու ապակողմնորոշել են, որ նա պատրաստ է ամեն տեսակի ագրեսիվ գործողությունների: Հնարավոր է, որ նախաձեռնողները հաշվի են առել սա”: Իգոր Մուրադյանը նշել է, որ այս իրավիճակը պետք է նրանց, ովքեր ցանկանում են զսպել Թուրքիայի էքսպանսիան և ամբիցիաները ներքին և արտաքին ասպարեզներում: Քաղաքագետի խոսքով, եթե Արևմուտքի այս նպատակը հաշվի չառնվի, հնարավոր չէ ճիշտ ու տրամաբանական պատասխանել մյուս հարցերին: “Այսքան ժամանակ քննարկվել են երկրորդական և երրորդական հարցեր` օրինակ, կգնա՞ Հայաստանի նախագահը Թուրքիա կամ կբացվի սահմանը, թե ոչ: Այս ամենն ընդամենը հիմական քաղաքականության բաղադրիչներ են: Սա նպատակ ունի Թուրքիան ներքաշել այնպիսի հարցերի մեջ, որ կզսպի թուրքական էքսպանսիան բոլոր ուղղություններով: Ասել, որ Եվրոպան ցանականում է զսպել պանթուրքիզմը, արդեն արխայիկ տեակետ է: Նրանց անհնագստացնում է Թուրքիայի հնարավոր մուտքը ԵՄ: Եվրոպացիներն ունեն իրենց քաղաքականությունը, նման ու տարբեր ԱՄՆ քաղաքականությունից: Եվրոպացիների միակ հետաքրքրությունն այս հարցում այն էր, թե արդյոք կբացվի սահմանը, թե ոչ, իսկ Ղարաբաղը նրանց չէր հետաքրքրում”, ասել է Իգոր Մուրադյանը: Քաղաքագետը նշել է, որ ԱՄՆ-ն հանել է Հայաստանին Ռուսաստանի հաճախորդների ցուցակից, իսկ Եվրոպան Հայաստանին նայում է Ռուսաստանի համատեքստում: “1.5 տարի առաջ ամեն ինչ փոխվեց: Հիմա խնդիրն այն է, որ թույլ չտրվի հայ-թուրքական հարաբերություններ կարգավորումը: Եվրոպան այնքան անբարոյական է, որ փորձում է մեզ մեղադրել հարաբերությունների կարգավորումը խափանելու մեջ: Փաստարկներ, պատճառեր չկան: Նպատակն է` չմեղադրել միայն Թուրքիային: Նրանց համար դժվար է երկխոսություն վարել Թուրքիայի հետ, ինչը չի կարելի ասել Հայաստանի վերաբերյալ: Այժմ հայ հասարակությունը չպետք է թույլ տա, որ այդպիսի կարծիք լինի, հակառակը, պետք է բարձրաձայնել, որ Եվրոպան հետաքրքրված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Սա է Հայաստանի խնդիրը”, նշել է Իգոր Մուրադյանը: Ինչ վերաբերում է Թուրքիայի դերին Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում, Մուրադյանն ասել է, որ ճնշումներ կան Թուրքիայի նկատմամբ, որպեսզի չթույլատրեն նրան մտնել ԵՄ: Նրա խոսքով, Թուրքիան Ղարաբաղի կարգավորումը նախապայման է առաջ քաշել այն դեպքում, երբ 20 տարի նման բան չի եղել: “Թուրքիան միշտ զգուշացել է մտնել Ղարաբաղի կարգավորման դաշտ` վախենալով հակասության մեջ մտնել ԱՄՆ, Եվրոպայի և Ռուսաստանի հետ: Սա ընդամենը շեղող քայլ է: Թուրքիային չի հետաքրքրում Ղարաբաղը: Թուրքիան ցանկանում է հասնել նրան, որ հայկական գործոնն այլևս չլինի միջոց իր վրա ճնշումներ գործադրելու համար”, ասել է նա:

No comments: