Monday, April 5, 2010

Դ. Կրամեր. «Ցավում եմ, բայց Ադրբեջանում առաջընթաց չի գրանցվել»

Panorama.am. 5-4-2010- «Թուրան» լրատվական գործակալությունը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով նախկին օգնական Դեվիդ Կրամերի հարցազրույցը, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: Հարց. Օրերս Իլհամ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին: «Եթե խորհուրդներ պետք լինեն, մենք ինքներս կխնդրենք նրանից, ումից անհրաժեշտ է»,- ասել էր նա: Վերջին ժամանակներս ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված զեկույցում Ադրբեջանը ժողովրդավարության սկզբունքների խախտման համար ենթարկվել էր քննադատության: Դրանից զատ, «Washington Post»-ը հոդված էր հրապարակել` Ալիևների ընտանիքի կողմից 75 միլիոն դոլարով Դուբայում անշարժ գույք գնելու մասին: Կարելի՞ է եզրակացնել, որ Ալիևի խոսքերը պատասխան էին այդ հարձակումներին: Պատասխան. Նախագահ Ալիևը գիտե, որ մարդու իրավունքներն անհանգստացնում են ԵԱՀԿ անդամ ցանկացած պետության: Դա ներքին գործերին խառնվելու հարց չէ, այլ պահանջ է` ուղղված կառավարությանը` իր գործունեությունը համընդհանուր նորմերին համապատասխան իրականացնելու առնչությամբ: Լրագրողներին քննադատական հոդվածներ հրապարակելու պատճառով հետապնդումների ենթարկելն ու ձերբակալությունները հարցեր են, որոնք պետք է բարձրացվեն Ադրբեջանի սահմաններից դուրս: Ես 2008 թվականին մի քանի անգամ հանդիպել եմ Իլհամ Ալիևի հետ և քննարկել այդ հարցերը փակ և վստահելի ձևաչափով: Ցավում եմ, որ Ադրբեջանում մինչև այժմ ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Հարց. Ի՞նչ է նախատեսում ձեռնարկել ԱՄՆ-ն Ադրբեջանում խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունն ապահովելու համար: Մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ են հաղորդել այն մասին, որ ադրբեջանական պաշտոնական անձանից ոմանց նկատմամբ սանկցիաներ են կիրառվելու, դա հնարավոր է՞: Պատասխան. Խոստովանում եմ, որ ես Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին տեղեկություններ չունեմ: Չեմ կարծում, որ իր մտահոգությունների մասին պետք է խոսի միայն ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Դա պետք է անեն բոլոր ամերիկացի պաշտոնատար անձինք, որոնք այցելում են Ադրբեջան, ինչպես նաև` Եվրոպայի ներկայացուցիչները: Այս թեմայով խոսակցություններին պետք է վերաբերել լրջորեն, և այնպես, որ ադրբեջանական իշխանությունները պատասխան տան տրված հարցերին:

No comments: