Friday, April 23, 2010

ԱՄԵՆ ԻՆՉ ԵՐԵՎԻ ԹԵ ՆՈՐ Է ՍԿՍՈՒՄ

«Լրագիր» 23-4-2010- Թերեւս վաղ է ասել, որ Հայաստանի իշխանությունը “գիտակցեց իր սկսած հայ-թուրքական գործընթացի սխալականությունը” եւ դիմեց արձանագրությունների վավերացումը կասեցնելու քայլին: Ի վերջո, Հայաստանը ոչ թե դուրս է եկել գործընթացից, այլ որոշակիորեն հետ է քաշվել դրանից, ընդ որում գուցե այնքան, որքան խորհուրդ են տվել կամ թույլ են տվել ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որոնց հետո խորհրդակցությունների մասին իր ուղերձում նշեց Սերժ Սարգսյանը: Հետեւաբար, վաղ է ասել նաեւ, թե հայ-թուրքական գործընթացը տապալվել է կամ “մեռել”: Դրա մասին են վկայում նաեւ ԱՄՆ եւ Ֆրանսիայի արձագանքները: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Գորդոնն ու Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ողջունել էին Սերժ Սարգսյանի դիրքորոշումը եւ նաեւ գոհունակություն հայտնել, որ նա դուրս չի գալիս հայ-թուրքական գործընթացից: Ու գրեթե կասկած չկար, որ արձագանքը հենց այդպիսին էլ լինելու է, որովհետեւ, եթե նույնիսկ այդ դիրքորոշման մտահղացումն իրենն է, միեւնույն է, Սերժ Սարգսյանը չէր համարձակվի այդօրինակ դիրքորոշում հայտնել, եթե փոքր ինչ կասկած ունենար, որ գերտերությունները չեն ողջունելու այն: Սերժ Սարգսյանը չունի հայ-թուրքական գործընթացում ինքնուրույնություն ցուցաբերելու, գերտերությունների շահի ծիրից դուրս գալու քաղաքական, տնտեսական եւ նույնիսկ բարոյահոգեբանական ռեսուրս: 1 տարվա ընթացքում կրկնապատկված արտաքին պարտքը, եւ երկու տարվա ընթացքում գրեթե ոչնչով չնվազած լեգիտիմության խնդիրը լուրջ բեռ են թե քաղաքական, թե հոգեբանական տեսանկյունից: Բայց, անկախ այն բանից, թե ով է Հայաստանի դիրքորոշման հիմնական “գաղափարախոսը”, այդուհանդերձ դրա հրապարակումն առաջացնում է որոշակի հարցեր, կապված հայ-թուրքական գործընթացի ապագայի հետ: Արդյոք գերտերությունների օրակարգում է հայ-թուրքական արձանագրությունների բովանդակային, իսկ գուցե նաեւ ձեւաչափային վերանայման հարցը, թե գերտերությունները սպասելու են, մինչեւ Թուրքիան “ներկայանա մեղայականով”: Ինչ կանի Անկարան: Եթե նա ոչինչ չանի, ապա ինչ է սպասում Անկարային: Սերժ Սարգսյանն իր ուղերձում ակնարկում է ցեղասպանության ճանաչման խնդրի մասին: Այսինքն, Թուրքիային ակնարկվում է, որ “չինքնախոստովանվելու” դեպքում, այսինքն “մեղայականով չներկայանալու” դեպքում ցեղասպանության միջազգային ճանաչման շղթան կարող է էլ ավելի ընդլայնվել ու ամրանալ: Ընդ որում, դա թերեւս ոչ թե Հայաստանը, այլ նույն գերտերություններն են Թուրքիային ասում: Թերեւս պատահական չէ, որ երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է հայոց ցեղասպանության բանաձեւը պալատի քննարկմանը եւ քվեարկությանը դնելու հանձնառությունը: Պատրաստ կլինի՞ արդյոք Անկարան դիմագրավել այդ շղթային, թե այդուհանդերձ կգերադասի վերադառնալ արձանագրություններին: Ըստ ամենայնի, Հայաստանի դիրքորոշումն անակնկալ չէր նաեւ Թուրքիայի համար: Թերեւս պատահական չէ, որ Վաշինգտոնի հանդիպումից հետո Էրդողանը տարածքների վերադարձի պահանջը հասցրեց գրեթե նվազագույնի` “երկու շրջան”, թերեւս հույս ունենալով, որ այդպիսով կպահի արձանագրությունների վրա մանեւրելու Թուրքիայի հնարավորությունը: Բայց, ինչպես երեւում է, միջազգային հանրությունը հոգնեց Թուրքիային բացատրել, որ արձանագրությունների բովանդակությունը Հայաստանի զիջումների առավելագույն սահմանն է, որ համապատասխանում է գերտերությունների շահին, եւ այդ շահի տեսանկյունից բացարձակապես ընդունելի չէ Ղարաբաղի հարցի մեջ Թուրքիայի խցկվելու որեւէ ավելորդ “սանտիմետր”: Բայց այդ ամենով հանդերձ, թերեւս ոչ պակաս, ու գուցե ամենակարեւորն այն է, թե ապրիլի 22-ին տեղի ունեցածն ինչ է հուշելու եւ ինչ վարքագիծ է թելադրելու Հայաստանի ներքին կյանքում, ներքին քաղաքականության մասնակիցների համար: Բանն այն է, որ կատարվածը հերթական անգամ “հետաձգում” է Սերժ Սարգսյանի վրա ճակատագրական ճնշումների կանխատեսումները, ու վկայում, որ այդ կանախտեսումներն ավելի շատ ցանկալին իրականի տեղ ընդունելու, կամ քաղաքական ասելիքի բացակայության վկայություն է, քան քաղաքական պրագմատիզմ: Դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի վրա ճնշումներ չկան կամ չեն լինի, կամ եղածը ինչ որ պահի չի ուժգնանա: Բայց փաստը կարծես թե այն է, որ մոտալուտ “ճակատագրականության” մասին կանախատեսումները ոչ այլ ինչ են, քան փախուստ իրականությունից: Դեպքերի զարգացումը ցույց է տալիս, որ Հայաստանում գործնականում որեւէ մեկը` թե իշխանությունը, թե ընդդիմությունը, թե փորձագիտական հանրությունը, մեծ հաշվով մոտավորապես անգամ չեն տիրապետում արտաքին սցենարներին, արտաքին զարգացումների տրամաբանությանն ու վեկտորին: Այլ կերպ դժվար է բացատրել ներքին կյանքում արտաքին քաղաքականության վերաբերյալ “հավերժական կանխատեսումների” ռեժիմում գտնվելը: Ու այդուհանդերձ, Հայաստանի ներքաղաքական դաշտը կարծես թե սիրահոժար ընդունեց այդ ռեժիմով գործելու “առաջարկը” եւ լեգիտիմացրեց առաջադրված օրակարգը, ներքին խնդիրներն ածանցելով արտաքին զարգացումներին, ուղղակի կամ անուղղակի կախման մեջ դնելով այդ զարգացումներից: Հետեւանքը եղավ այն, որ ներքաղաքական սուբյեկտները ոչ միայն որեւէ դերակատարում ձեռք չբերեցին արտաքին հարցերում, այլ նաեւ կորցրին ներքին կյանքում ունեցած դերակատարումը` մեկը շատ, մյուսը քիչ: Ստացվեց այնպես, որ Հայաստանում կա ներքին կյանք, ներքին տնտեսա-քաղաքական, իրավական, սոցիալական խնդիրների մի հսկայական կույտ, բայց չկա դրանց վրա էական, բեկումնային հասարակական ազդեցություն ունեցող որեւէ ուժ, լինի դա իշխանություն, թե ընդդիմություն, թե առավել եւս նրանց արանքում ճեմող քաղաքական միավորներ: Դրա հետեւանքն էլ այն “անկշռությունն” է, որում Հայաստանը հայտնվել է արտաքին ասպարեզում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: