Friday, April 2, 2010

«ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԿԶԲԻՑ Ի՞ՆՉ ԵՔ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ»

Հարցնում է CNNturk-ի գլխավոր խմբագիրը «ԱԶԳ», 02-04-2010- Ամբողջ աշխարհում Ցեղասպանության հարցի` գոնե քննարկումներին զուգահեռ բուն Թուրքիայում նույնպես բավական «համարձակներ» են ի հայտ գալիս, որոնք նույնիսկ դատական հայցով են դիմում դատարան` պահանջով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որոնք պահանջում են թուրքական պետությունից` հաշտվել սեփական պատմության, դրա ամոթալի էջերի հետ, իսկ վարչապետ Էրդողանը, հավատարիմ մնալով իր կեցվածքին, շարունակում է հայտարարել` «թուրքական պատմությունը ամոթալի էջեր չունի»: Այս ամպագոռգոռ հայտարարությունն իրենց չեն կարող թույլ տալ նույնիսկ Խաղաղ օվկիանոսի կղզիներում ապրող ժողովուրդները. ամբողջ աշխարհի պատմությունն է լի ամոթալի էջերով, եւ միայն այն խոստովանողներն են, որոնք կարող են գոնե հույս ներչնչել, որ ժողովուրդներն այլեւս ամոթալի էջեր չեն արձանագրի: Ինչեւէ, վերջին ժամանակներում որոշ` նույնիսկ բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ հրապարակավ չեն հերքում Ցեղասպանության եղելությունը, նրանցից ոմանք առաջարկում են հարցը քննարկել ստեղծվելիք պատմաբանների միջկառավարական հանձնաժողովում, իսկ մյուս մասը առհասարակ հարց է ուղղում հայերիսՙ իսկ եթե ճանաչենք, ի՞նչ կլինի հետո, ի՞նչ կպահանջեք մեզանից` հո՞ղ, թե՞ պարզապես փոխհատուցում: Հենց այս հարցն է ուղղել CNNturk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը Երեւանում հայ ուսանողներին: Իսկ վերջիններս, Բիրանդի խոսքերով, «պարզապես զարմացած նայել են եւ չեն իմացել ինչ պատասխանեն». «Հայ գիտնականները, սակայն, հարցի վերաբերյալ լրիվ այլ պատկերացումներ ունեն», նշել է Բիրանդը: Թուրք լրագրողի այս հարցը միայն ապացուցում է, որ Թուրքիան գիտի «1915-ի իրադարձությունների» իրական անվանումը, որ Անկարայի համար կարեւոր է ճշտել, հասկանալ, թե ի՞նչ են պահանջելու հայերը, իսկ այս վերջին հարցում մենք, իրոք, խնդիր, ավելի ճիշտՙ տարաձայնույթուններ ունենք` որեւէ ընդհանրական մոտեցում պարզապես գոյություն չունի: Պատմելով Հայաստանից, Երեւանից ունեցած իր տպավորությունների մասին, Բիրանդը նաեւ նշել է, որ. «Հայաստանն այլեւս այն 90-ականների աղքատ եւ խղճուկ երկիրը չէ: Այժմ վիճակն այլ է, ես զարմանքով տեսա Երեւանի զարգացումը: Պողոտաները վերանորոգված են, մաքուր: Արտասահմանյան հայտնի ապրանքանիշներով խանութների առկայությունը խոսում է այն մասին, որ բնակչությունը գնողունակ է: 1,5 մլն բնակչություն ունեցող Երեւանի գիշերային կյանքը գույնզգույն է: Հայաստանի ընդհանուր վիճակը ճիշտ կլինի նկարագրել որպես միջին ապրելակերպ: Հայերը պատրաստ չեն սահմանի բացման համար զոհաբերել ամեն ինչ, ինչպես մենք ենք կարծում այստեղ: Ինչպես ապրել են անցնող 17 տարում, այնպես էլ կարող են ապրել», նկատել է Բիրանդը: Այնուհետեւ Բիրանդը խոսել է, թե ի՞նչ կբերի սահմանի հնարավոր բացումը երկու երկրներին: Թուրք լրագրողը վստահեցրել է, որ այն ոչ միայն կնպաստի Հայաստանի տնտեսության աճին, Հայաստանի համար կբացվեն Միջին Արեւելքի եւ Եվրոպայի շուկաները. «Սակայն սահմանի բացումը մեծ օգուտներ կբերի նաեւ Թուրքիային: Մեր երկիր եկող տուրիստների թիվը զգալիորեն կավելանա: Թուրքիան կարող է աշխուժացնել Սեւ եւ Միջերկրական ծովերի նավահանգիստները: Վան-Կարս տարածաշրջանում առեւտուրը, տուրիզմը կաշխուժանան: Թուրքական ապրանքն ավելի էժան կմտնի Հայաստան, եւ, որն ավելի կարեւոր է, թուրքական ապրանքն ավելի էժան կհասնի Միջին Ասիա», նշել է Բիրանդը: Փաստորեն պարզվում է, որ Թուրքիայում շատերը գիտեն, թե ի՞նչ է եղել 1915-ին, թե ի՞նչ կբերի հենց միայն իրենց երկրին հայ-թուրքական բաց սահմանը, սակայն քչերն են համաձայն հանուն Հայաստանի հետ բաց սահմանի երես թեքել Բաքվից. նրանք էլ, ինչպես անցած 17 տարում ապրել են փակ սահմանով, կարող են դեռ ապրել. մանավանդ որ Թուրքիայում էլ «պողոտաները վերանորոգված են եւ մաքուր»: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: