«Լրագիր» 7-4-2010- Երեկ ավտոբուսով անցնում էի Մատենադարանի մոտով, ուր հավաքվում էին հանրահավաքի մասնակիցները: Նաիրի կինոթատրոնի մոտ կանգնած էին երիտասարդներ Սասուն Միքայելյանի դիմանկարով եւ Ազատ արձակեք քաղբանտարկյալներին կարգախոսով: Կողքիս նստած ուսանողուհին, կարդալով կարգախոսը, զարմացած հարցրեց. “Միթե նրանց արդեն բաց չեն թողել: Իսկ ինչո՞ւ են պահում”:
Երեկվա օրն անցավ քաղբանտարկյալներին ազատ արձակելու նշանի տակ: Քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջներ հնչեցին Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքին: Այդ մասին հայտարարեցին նաեւ իրավապաշտպանները, ովքեր Երեւան են ժամանել Մարդու իրավունքի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին մասնակցելու: Նրանք միացան հանրահավաքին:
Իշխանությունը չի խոչընդոտել պահանջներին, սակայն, ըստ ամենայնի, մտադիր չէ դրանք կատարել: Հնարավոր է, իշխանությունն ինքն էլ չգիտե, թե ինչու են այդ մարդկանց պահում բանտում, սակայն նրանց չեն կարող, առավել եւս հիմա, ազատ արձակել, քանի որ դա նման կլինի հասարակական կարծիքին ենթարկվելուն: Եւ եթե դեմոկրատական երկրներում իշխանությունը պարտավոր է գործել ըստ մեծամասնության կամքի, ապա Հայաստանում հասարակության ճնշման տակ ինչ որ բան անելը համարվում է մեծագույն նվաստացում: Բացի այդ, իշխանությունները համարում են, որ եթե կատարեն հասարակության պահանջները, խոցելի կդառնան:
Ինչ էլ լինի, միջազգային իրավապաշտպանների խանդավառ միաձուլումը “Էլբայի վրա” հայկական ընդդիմությանը ոչ մի իմաստ չի ունենա, եթե մարդիկ, ում ազատության համար նրանք պայքարում են, դուրս չգան բանտից: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը պնդում է, որ կանեն դրա համար ամեն ինչ: Հայաստան նրա նախորդ այցի ընթացքում անցած տարվա դեկտեմբերին հայտարարվում էր, որ հնարավոր է ազատ արձակվի Նիկոլ Փաշինյանը: Բայց նա դեռևս անազատության մեջ է, և երեկվա ակցիայից հետո նրա ազատ արձակման հավանականությունը, ամենայն հավանականությամբ, կփոքրանա: Իշխանությունների հոգեկան վիճակն այն չէ:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment