Panorama.am. 7-4-2010- «Նախագահ Օբաման ապրիլի 24-ին իր ավանդական ուղերձում լղոզված մի բառ կարտասանի», -այսօր ասուլիսում հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը: Ըստ Իգիթյանի, դա պայմանավորված է լինելու հայ-թուրքական գործընթացի շուրջ ներկայումս տիրող իրավիճակով: «Հնարավոր է նա նաև ողջունի հայ-թուրքական գործընթացը, որը կայացավ երկու երկրների նախագահների շնորհիվ», -հավելեց ընդդիմադիր գործիչը:
Իգիթյանը խոսեց նաև Վաշինգթոնում կայանալիք Սարգսյան-Օբամա–Էրդողան հնարավոր հանդիպման մասին և կարծիք հայտնեց, թե ինչպիսի քննարկում կկայանա եռակողմ հանդիպման ժամանակ։
«Այդ հանդիպմանը երկու կողմերի վրա էլ ճնշում կլինի։ ԱՄՆ նախագահը կփորձի արագացնել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը՝ հօգուտ Թուրքիայի, որպեսզի Թուրքիային ստիպի ստորագրել հայ–թուրքական արձանագրությունները»,– իր տեսակետն արտահայտեց Իգիթյանը։
Հիշեցնենք, որ և ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, և Սպիտակ տան մամլո խոսնակը արդեն տեղեկացրել են, որ Վաշինգթոնում ապրիլի 12-13-ին կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում կայանալու է Սարգսյան-Օբամա հանդիպումը: Օբամա-Էրդողան երկկողմ հանդիպում, ինչպես տեղեկացրել էր Սպիտակ տան մամլո խոսնակը, չի կայանալու: Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպման մասին տեղեկություններին, ապա այդ լուրը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment