Wednesday, May 12, 2010

Հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցած կինը

«ՀԵՏՔ» 11-5-2010- «Ադրբեջանցիները սպասում էին, որ հավը մի ձու ածի, բերեին մեզ վաճառեին, երեկոյան գալիս էին, թեյ էինք միասին խմում, մենք էինք իրանց մոտ գնում. չնայած դրան` ասեմ, որ մեր շրջանում երբեք որեւէ այլազգի, այդ թվում եւ ադրբեջանցի չի բնակվել»,- «Հետքին» տված հարցազրույցում պատմում է Բերդի բնակիչ Նինա Ադամյանը: Տիկին Ադամյանը հիշում է, որ ղարաբաղյան շարժման առաջին օրերին, ադրբեջանցիները սկսել են Երեւանից եկող ավտոբուսներին քարով խփել. «Մեր թաղային Վարդանյան Գագիկին վերցրի, ասի` պիտի գնանք նրանց հետ բանակցությունների: Նրանք մեզ սպասում էին Ալիբեկի գյուղապետարանի մոտ: Իրենց գյուղապետին` Ալիին ասացի, այ տղա, անհարմար չե՞ք զգում, ի՞նչ է կատարվում այստեղ, մենք պիտի քոչե՞նք այստեղից: Մենք Ղարաբաղի հետ կապ ունենք, բայց մենք հարեւաններ ենք, պիտի համբերենք, մեզանից մեծ մարդիկ կան, որոնք հարցերը կլուծեն: Դրանից հետո մեզ տարավ իր տուն` հյուրասիրելու: Մեր թաղայինը վախում էր, ասում էր` մեզ կսպանեն, բայց չէ»,- հիշում է պատերազմին մասնակցած կինը: Իմանալով ադրբեջաներեն` նրան հաջողվել է բանակցությունների ընթացքում հասկանալ եւ բացահայտել հակառակորդի դավադրությունները: «Ադրբեջանցիները վառել էին իրենց ֆերմաները, հետո ռուսների մոտ ադրբեջաներեր իրար հետ խոսում էին, «ասա, որ հայերն են վառել»,- իրար էին ասում, բայց ես հասկացա, ասեցի` ամոթ չե՞ք անում»: Պատերազմի տարիներին 40-ամյա կինը բազմաթիվ դժվարություններ է տեսել, որոնց շնորհիվ էլ կոփվել եւ ավելի համարձակ է դարձել: «Մի անգամ շենքում էի, տանկը գալիս էր վրես, ես դարակում լիմոնչիկ ունեի, չփախա, տանկը եկավ ու հենց մեր շենքի առաջը պտտվեց ու հետ գնաց: Էդ անգամը փրկվեցի, բայց կանտուզիա տարա կռիվներին, 7 ամիս չաշխատեցի, երբ հետ եկա, շատ բան էր փոխվել»,- ասում է տիկին Ադամյանը: Նա մասնակցել է Բերդի շրջանում գերի ընկածների փոխանակումներին. «Ես չգիտեմ ոնց, բայց մեջս վախ չկար, մահը միշտ աչքիս առաջ էր: Գիշերը պրաժեկտորը գցում էին վրներս ու կրակում էին: Շատ բաներ եմ տեսել, կարտոշկի մեշոկի մեջ մարդու կտրտած դիակն էին մեզ ուղարկում…»: Այսօր Նինա Ադամյանը հայ ժողովրդին համախմբման եւ միասնության կոչ է անում, իսկ ադրբեջանցիների հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ ասում է ժողովրդական հայտնի խոսքը. «Շան հետ ախպերացի, փետը ձեռիցդ մի գցի»:

No comments: