Wednesday, May 12, 2010

«ԼՈՒՌ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ

«ԱԶԳ» , 12-05-2010- Մայիսի 6-ին Իսրայելում գտնվող Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը մի շարք հանդիպումներ ունեցավ: Ինչպես տեղեկացնում է IzRus գործակալությունը, Ազիմովն այցելել է Ամերիկա-իսրայելական կոմիտեի (AIPAC) երուսաղեմյան գրասենյակ եւ հանդիպել գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ուենտի Զինգերի, ինչպես նաեւ գլխավոր քարտուղար Դեյվիդ Թրեւելմանի հետ: Վերջինս վերոհիշյալ գործակալությանը հայտնել է, որ «Ազիմովի հետ ունեցած իրենց խոսակցությունը կրել է մասնավոր բնույթ եւ հրապարակման ենթակա չէ»: Թրեւելմանը նաեւ տեղեկացրել է, որ «նման հանդիպումներն այսուհետեւ կլինեն պարբերական»: Ազիմովը Իսրայելում հանդիպել է նաեւ այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի եւ վերջինիս տեղակալ Դանի Այալոնի հետ: Որոշ իսրայելական լրատվամիջոցների պնդմամբ` Ադրբեջանի փոխարտգործնախարարի հանդիպումներն ու «մասնավոր խոսակցությունները» Իսրայելում ունեցել են հետեւյալ բովանդակությունը: Բաքուն անհանգստացած լինելով հատկապես Միացյալ Նահանգներում հայկական լոբբիի ազդեցության մեծացումից, փորձում է իր կողմը գրավել ոչ պակաս ազդեցություն ունեցող հրեական կազմակերպություններին` «ԱՄՆ Սենատում եւ Կոնգրեսում առավել ադրբեջանամետ որոշումներ ընդունելու կապակցությամբ»: Որ Ադրբեջանն ունի ԱՄՆ-ում ադրբեջանամետ որոշումների ընդունման կարիք, հասկանալի է. նախ ԱՄՆ Կոնգրեսը նախորդ տարիներում պարբերաբար ֆինանսական օգնություն էր տրամադրում Հայաստանին եւ Ղարաբաղին, իսկ այս տարի էլ, հակառակ պաշտոնական Բաքվի բողոքի նոտաներին, որոշ կոնգրեսականների նախաձեռնությամբ Կոնգրեսը կքննարկի «հայկական օգնության» չափի մեծացման հարցը: Բացի սրանից, ամբողջ աշխարհում, հայկական կազմակերպությունների ջանքերով, նկատվում է գործընթաց` միտված ԼՂՀ միջազգային ճանաչման ամրագրմանը: Իսրայելը, Ամերիկայի հրեական կազմակերպություններն, անշուշտ, կարող են որոշակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, սակայն Թել-Ավիվը նաեւ նկատում է, իհարկե, թե դեպի ո՞ւր եւ որքա՞ն «բարեկամական» են առաջ ընթանում Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ:

No comments: