Wednesday, May 12, 2010

«ՄԵՆՔ ՇԱՏ ՈւԺԵՂ ԵՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՄՈւՐ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ, ԳԻՏԵՆՔ՝ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ»

Report.am-ի հարցազրույցը ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ - Ինչպիսի՞ն է ոգին հաղթանակած բանակում:
- Բանակում ոգին բարձր է և հաղթական` պատրաստ ապագայում նորից հաղթանակներ տոնելու: Հաղթանակները տարբեր են լինում: Եթե այսօր զորավարժություն է անցկացվում, ապա զորավարժության հաջող ավարտը նույնպես հաղթանակ է: Եթե մարտական պատրաստվածության ինչ-որ պարապմունք ենք անց կացնում և հաջող ավարտ ենք ունենում, մեր նպատակներին հասնում ենք, ինչ-որ կառույցներ ենք կատարելագործում, համալրվում է հայոց բանակը, ապա այդ ամենը մեծ հաղթանակներ են մեզ համար: Եվ սրա շարունակությունը լինելու է այն, որ եթե պատերազմ սկսվի` մենք նորից հաղթելու ենք: - Իսկ կա՞ պատերազմ վերսկսվելու վտանգը: - Հայ-ադրբեջանական պատերազմի վտանգը միշտ գոյություն ունեցել է և 1994 թվականից մինչ օրս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, բացի նրանից, որ Ադրբեջանի ղեկավարությունն ամպագոռգոռ հայտարարություններ է անում: - Ինչպիսի՞ն է արցախցի զինվորի հավաքական կերպարը: - Կարծում եմ՝ Արցախի բանակի զինվորը քաջ գիտակցում է, թե այսօր ինչ է անում, ինչ պատասխանատվություն է իր վրա դրված, և անկախ այն բոլոր դժվարություններից, որ կան առաջին գծում կամ էլ մարտական հերթապահության ժամանակ, շատ պատվով կատարում է և ասեմ, որ ի ուրախություն մեզ, երբեք չեմ տեսել նվնվացող զինվորի: Բոլոր քաղաքական դեմքերը, հասարակական կազմակերպությունները, երբ այցելում են առաջին գիծ, այնտեղից ոգևորված գալիս են: Հետաքրքիր է` բոլորը գնում են այնտեղ, որ մեր զինվորին ոգևորեն, բայց գնում են և իրենք են ոգևորված վերադառնում: - Ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին, առավել ևս, երբ այդ սպառնալիքների հեղինակն ավելի հաճախ նրանց պաշտպանության նախարարն է: - Ամեն դեպքում ես այդ բոլոր հայտարարություններին լուրջ եմ վերաբերվում, բայց գնահատական ենք տալիս, թե ինչն է իրականությանը համապատասխանում: Ավելի շատ ամպագոռգոռ հայտարարություններ անում է Ադրբեջանի նախագահը, քան պաշտպանության նախարարը, որովհետև զինվորականներն այդ տեսանկյունից ավելի զուսպ են, քան քաղաքական գործիչները: Զինվորականներն իրական իրավիճակին տիրապետում են: Ես մեկ անգամ Երևանում ասել եմ, որ այն պատվերը, որ իրականացնում է Ադրբեջանը` տեղեկատվական պատերազմում, մեր լրագրողների մեծամասնությունը պատվով կատարում է: Որպեսզի իրական պատկերն իմանաք, առաջին հերթին պետք է շփվեք զորքի հետ: Տեսեք իմ զորքն ինչով է ապրում, և այդ ժամանակ դուք ձեր հարցադրումները փոխելու եք և շատ հարցերի պատասխաններ այնտեղ կգտնեք, առանց որևէ մեկի հայտարարության: Ասածս այն է, որ պետք չէ միայն պետական այրի ասածներին հավատալ: Պետք չէ պաշտպանության նախարարն ասի` պատրաստ ենք, թե՞ ոչ. դա ձեզ կասի զինվորը, ով իմ հրամանը կատարելու է: - Ադրբեջանական մամուլը առիթը բաց չի թողնում բարձրաձայնելու իբրև թե Հայաստանի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին: Ինչպիսի՞ն է իրականում վիճակը: - Մենք փորձում ենք ներկայացնել իրական պատկերը, այն, ինչ որ կատարվել է: Վստահեցնում եմ ձեզ, որ մենք շատ քիչ ենք կրակում, բայց երբեմն, երբ պետք է լինում, շատ խիստ պատժում ենք: Իրենք քարոզչական լուրջ պատերազմ են տանում, որը իրենց պատերազմի շրջանակում է: - Այժմ պատերազմի վերսկսման խուճապ կա՞ հասարակության մեջ: - Խուճապը ժամանակ առ ժամանակ կա, որը կրկին ինֆորմացիոն պատերազմի արդյունք է: Ղարաբաղում ընդհանրապես դրա մասին չեն մտածում, չեն խոսում: Այն, ինչ կատարվում է, իրենց աչքի առաջ է, և մարդիկ շատ հեշտությամբ են ընկալում: - Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը, ու՞ր ենք հասել, դեպի ու՞ր է այն մեզ տանում: - Ունենք այն, ինչ կա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն է իր պետական բոլոր ատրիբուտներով, ժողովրդի կողմից ընկալվող իշխանություն, կառավարություն և բանակ, որը պատրաստ է ապահովել իր ժողովրդի անվտանգությունը: - Հնարավոր համարու՞մ եք Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթացում: - Երբ բանակցող կողմերը պատրաստ լինեն դրան, մենք կբանակցենք: Մինչ օրս բանակցող կողմերը պատրաստ չեն: Ես ուզում եմ ասել, որ ԼՂՀ¬ն ստեղծվել է ոչ թե որևէ մի երկրի համար, այլ՝ ԼՂՀ ժողովրդի: Որևէ պետության կարծիք կամ հարաբերություն մեզ պարտադրող չէ: Ուզում եմ հասկանաք, որ ԼՂՀ¬ն մեր ժողովրդին է պետք։ Վաղը կփորձեն մեզ ճանաչել որպես պետություն, որ մենք բանակցենք իրենց հետ՝ կբանակցենք: - Ժամանակը չէ՞, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: - Դա Հայաստանի իշխանությունների գործն է: Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանություններն ավելի վատ են մտածում, քան մենք, լինելով բանակցային կողմերից մեկը, երևի նրանցից պահը դա է պահանջում: Չեմ կարծում, որ Հայաստանում կա որևէ քաղաքացի, որը չուզի ԼՂՀ-ն լինի անկախ պետություն: Դա ինքն արդեն ճանաչում է: - Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովն օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանը ժամանակ է խնդրել Քելբաջարը և Լաչինը վերադարձնելու համար: Ի՞նչ կասեք այս մասին: - Հակառակորդ կողմի բոլոր ղեկավարների այն հայտարարությունները, որոնց մասին տեղեկատվություն ես անձամբ չունեմ, ասենք՝ լրատվամիջոցների տպածները, ինձ համար ապատեղեկատվություն են: ԼՂՀ-ն ունի Սահմանադրություն և այդ Սահմանադրությամբ բոլոր տարածքներն ամրագրված են, իսկ Սահմանադրության փոփոխությունը միայն ժողովրդի կողմից պետք է լինի: Եթե ժողովուրդը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի սահմաններն այս չեն` այն են, իշխանությունը կմտածի, որ ինչի համար կարելի է փոխել: Բայց ԼՂՀ-ում դեռևս Սահմանադրության փոփոխություն չի նախատեսվում: - Ե՞րբ Ադրբեջանը պատերազմ կսկսի: - Ոչ ոքի ձեռք չի տալիս պատերազմը: Մեր պարագայում պատերազմի վերսկսումը ապրել-չապրելու հարց է: - Մենք ուժե՞ղ ենք մեր թշնամիներից: - Միշտ, շատ: Մենք շատ ուժեղ ենք, որովհետև ամուր ենք կանգնած, գիտենք՝ ինչի համար ենք կանգնած: Զրուցեց ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ

No comments: