Wednesday, May 12, 2010

Հայ-թուրքական գործընթացը, ըստ Աշոտ Մանուչարյանի, Հայաստանի նախաձեռնությունը չէ

«Ազատություն» 11-5-2010- Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ, Հայաստանը իրականում «նախաձեռնողական արտաքին քաղաքականություն չի վարում», եւ «հայ-թուրքական կարգավորման գործընթացը պաշտոնական Երեւանի նախաձեռնությունը չէ»: «Սովորաբար, ով նախաձեռնողն է, նա էլ վարողն է: Չի երեւում, որ այս գործընթացի վարողը Հայաստանն է», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ասաց Մանուչարյանը, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն էր: «Մինսկի խումբը որեւէ կապ Ղարաբաղի կարգավորման հետ չունի», - հայտարարեց նա՝ պարզաբանելով. - «Դա Միացյալ Նահանգների մի գործիք է, որով նա ուզում է ուղղորդել եւ վերահսկել գործընթացները տարածաշրջանում: Բայց Հայաստանը չի կարող Միացյալ Նահանգներին ասի՝ ոչ: Ուրիշ բան, որ Հայաստանը իրավունք չուներ վերածել Մինսկի գործընթացը ղարաբաղյան հարցի կարգավորման ի'ր գործընթացին: Այս մի կոպիտ սխալը այս տարիների ընթացքում կատարվել է»: Մանուչարյանի կարծիքով, պատերազմի վերսկսկումը «ըստ էության» հնարավոր է, «սկզբունքորեն»՝ ոչ: Ղարաբաղում պատերազմի վերսկսման նախադրյալներ՝ արտաքին կամ ներքին, այսօր չկան: Ռուսաստանի նախագահի առաջիկա այցը Թուրքիա, նրա կարծիքով, «տարածաշրջանային առումով էական փոփոխություն չի առաջացնի», թեեւ՝ «Հայաստանի համար կան վտանգներ»: Մանուչարյանի համոզմամբ, արտաքին քաղաքական դաշտում առաջացած խնդիրները «ներքին իրավիճակի հետեւանք են»: «Այսպիսի անկայուն իրավիճակ, ինչպիսին այսօր է՝ երբեւէ չի եղել, որեւէ կայուն համակարգ երկրում գոյություն չունի», - ասաց նա՝ շարունակելով. - «Այսինքն՝ երբ մարդկանց հիմնական փնտրտուքը իրենց անձնական դիրքն է եւ ստացած եկամուտը, ապա նրանք ամեն վայրկյան պատրաստ են կոնֆիգուրացիան փոխելու: Իրար հետ մարդկանց միացնող ուրիշ բան՝ բացի եկամուտից, չկա»: Մանուչարյանը համաձայն չէ, թե քաղաքական լուրջ զարգացումները՝ ընդհուպ մինչեւ իշխանափոխությունը, հնարավոր են «միայն արտաքին ուժերի ճնշման ներքո»: «Ներքին զարգացումների հետեւանքով փոփոխությունները ոչ միայն հնարավոր են, այլեւ հրամայական են», - հայտարարեց Մանուչարյանը:

No comments: