Tuesday, May 11, 2010

ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. ՀԱՎԱՆԱԿԱՆ ԵՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՁԵՎԱՉԱՓԵՐ

«Լագիր» 11-5-2010- Ինչու է Աշոտ Մանուչարյանը, ով ունի ստվերային գործչի համբավ, վերջին շրջանում ակտիվ հրապարակային գործելաոճ որդեգրել: Լրագրողների այդ հարցին փորձել է պատասխանել հենց Աշոտ Մանուչարյանը: Նա նախ ասել է, թե ինքը ստվերային գործիչ չէ, պարզապես միշտ նախընտրել է վերլուծական աշխատանքը, հրապարակային քաղաքականության առումով ապավինելով այս կամ այն համախոհ գործչի օգնությանը: Աշոտ Մանուչարյանը նաեւ ասել է, թե իր այդ կերպը նաեւ գալիս է նրանից, որ նա զբաղվել է ազգային անվտանգության հարցերով, իսկ այդ ոլորտով զբաղված մարդիկ բոլոր երկրներում էլ հիմնականում զերծ են մնում հրապարակային քաղաքականության դրսեւորումներց: “Ուղղակի հիմա, ես նորից էլի հանդես չէի գա, ինձ համար հիմա նախընտրելի է, որպեսզի այն երիտասարդ սերունդը, որը տեսնում եմ, որ մի կողմից արագ գիտելիքներ է հավաքում, փորձ, մյուս կողմից էլ շատ հետաքրքիր մտածելակերպ ունի, շատ կրեատիվ համակարգ է ձեւավորվում, համակարգ դեռ չեն, ցավոք սրտի: Այ խնդիրը նա է, որ նրանք դառնան համակարգ, կամ համակարգեր: Որովհետեւ Հայաստանում հիմա զարմանալի մի իրավիճակ է: Այն, ինչ որ մենք համարում ենք քաղաքականություն, դա քաղաքականություն չի, դա տնտեսական գործունեություն է: Այսինքն կուսակցությունների ճնշող մեծամասնությունը Հայաստանում փորձում է վերաբաշխել ազգային եկամուտն իր օգտին”, ասում է Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով, քաղաքականությունը դուրս է մղվել, սակայն այժմ վերականգնվում է հենց այդ երիտասարդության շնորհիվ: “Քաղաքականությունը դա նախ եւ առաջ ընդհանուր պատկերացումն է կյանքի մասին, ինչպիսին է կյանքը եւ ինչիպիսի կյանք ենք ուզում ստանալ, եւ որն է ուղին, որը մեկից տանում է դեպի մյուսը”, ասում է Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա, եթե տեսներ, որ երիտասարդությունը ակտիվ դրսեւորվում է, գուցե մնար իր նախկին կարգավիճակին: “Բայց ցավոք, այսպիսի մի վիճակ է ստեղծվել: Նրանք անհրաժեշտ օգնություն չեն ստանում, շատ բան անում են, շատ համարձակ են, օրինակ ես նրանց տեսել եմ այդ վերջին նաեւ բուռն իրադարձությունների ժամանակ, եւ վախը հաղթահարած երիտասարդը դա մի ֆանտաստիկ բան է, շատ կարեւոր բան է, նաեւ բանտարկության վախը, նաեւ հալածանքների վախը: Շատ կարեւոր բան է, եւ եթե դրան միանում է նաեւ մտքի լավ կուռ աշխատանքը, նվիրվածությունն ընդհանրական նպատակներին` երկրի, ժողովրդի, մարդկության, դա շատ կարեւոր է”, ասում է Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով, Հայաստանում հրամայական են ներքին փոփոխությունները: “Այսօր կարծես թե ուժերը, որոնք գործում են Հայաստանում, պայմանական կանվանեի այսպես` ագահ ուժեր, գիշատիչ ուժեր, եւ նրանք, ովքեր ուզում են այդ ագահության եւ գիշատչության շրջանակից դուրս բերել երկիրը: Հիմա, երբ որ ես անվանում եմ, դա չի նշանակում, որ ագահ ուժերի մեջ չկան պարկեշտ մարդիկ: Նրանք, ուղղակի այնպես է ստացվել, որ այդ մարդկանց կյանքը բերում է այս կամ այն… օրինակ, այդ գիշատիչների մեջ ես գիտեմ մի ինֆորմացիոն ապահովողի, որը պարկեշտ մարդ է, պարզապես իրեն թվում է, որ ինքն այնտեղ կարող է ինչ որ մի բան տանել այդ ուղղությամբ: Ես ուզում եմ ասել, որ համատարած այդ մարդիկ դրա կրողն են: Նրանք հայտնվել են այդ դերակատարության մեջ, որովհետեւ իրենց համար ուրիշ բան չեն պատկերացնում: Բայց, եթե հիմա առաջարկվի կյանքի կոչվեն գործընթացներ, իսկ հիմա այդպիսի, հիմա նախագծային ակտիվության ժամանակ է, եւ դրա համար եմ կարեւորում երիտասարդությանը: Նրանց փիլիսոփայական քննարկումների ակտիվացումը մաքսիմալ է, բայց ժամանակն է, որ դա վերածվի նախագծերի եւ գործերի”, ասում է Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա, եթե այդ բանը տեղի ունենա, ապա կպարզվի, որ բոլոր այն ուժերը, որոնք ցանկանում են դուրս լինել ահագության եւ գիշատչության դաշտից` ՀԱԿ, Սարդարապատ, Ժառանգություն, եւ այլք, եւ նաեւ իշխանության մեջ եղած շատ սուբյեկտներ կարող են դաշնակցել: “Եվ ամենաանսպասելի ուրվագծերը կընդունեն այդ նոր միավորումները”, ասում է Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա, Հայաստանում այժմ չկա որեւէ կայուն համակարգ, եւ Հայաստանը, թվացյալ կայունության պայմաններում, այսօր գտնվում է աննախադեպ անկայուն վիճակում: Ըստ նրա, եկամուտից բացի, իշխանության մեջ գտնվող մարդկանց միացնող այլ բան չկա:

No comments: