Wednesday, May 12, 2010

Ի՞նչ կլինի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ

7or.am. 12-5-2010- ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ռուս-թուրքական համագործակցությանն այսօր խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի փակ լինելը։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-թուրքական այս ողջ գործընթացը՝ նա ասել է, թե այստեղ որոշակի և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ ու մարտահրավերներ կան։ -Եթե մենք խոսում ենք հայ-թուրքական սահմանի բացման մասին, ապա ասեմ, որ միանշանակ սա մեզ համար լրացուցիչ ելք է դեպի արտքին աշխարհ և նպաստում է զարգացմանը։ Բայց միևնույն ժամանակ երբ որ հստակորեն պատճառաբանվում է, որ այդ ամեն ինչը կարող է գործել, եթե Ռուսաստանից համապատասխան կոմունիկացիաներ լինեն Հարավային Կովկասով դեպի Թուրքիա, և հաշվի առնվի Վրաստանի կարգավիճակը, ապա հայ-ադրբեջանական հակամարտությունը խանգրում է. սա էլ է բնական հարցադրում,-նշել է նա։ Ըստ Գարիկ Քեռյանի՝ թուրքերը Ղարաբաղի հարցը որպես նախապայման առաջ քաշելով՝ յուրահատուկ խարդավանքի են դիմում՝ նշելով, թե հայ-թուրքական սահմանի բացումով եթե տարածաշրջանում տնտեսական զարգացում, կայունություն և խաղաղություն է հաստատվելու, ապա կբացվեն սահմանները. բայց արդյոք դա կիրականանա՞ առանց տարածաշրջանում առկա հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ -Մենք հայտնվել ենք համաշխարհային ուժայինների շահերի բախման կետում, և հետաքրքրությունը հայերի ու Հայաստանի նկատմամբ մեծացել է։ Բայց նաև սա իր հետ բերում է մարտահրավեր, որ կարող է՝ հանգուցալուծմներն այնպես գնան, որ հայտնվենք անբարենպաստ իրավիճակում։ Հայ-թուրքական գործընթացի սառեցման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ ՀՀ-ն չտվեցին։ Պարզապես ասեմ, որ վաշինգտոնյան հանդիպման ժամանակ Էրդողանը պահանջեց սահմանի բացման դիմաց որոշակի զիջումներ, որոնք անընդունելի էին Հայաստանի համար, և Սերժ Սարգսյանը չէր կարող գնալ դրան։ Եվ դրա համար սառեցվել են։ Թե հետագայում գործընթացը ինչ պահանջների առաջադրմամբ կսկսվի, այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել։ Եթե որոշակի առաջընթաց նկատվի ԼՂ հակամարտության կարգավորման լուծման ճանապարհին, որը երկու կողմին էլ ձեռք կտա, այս պարագայում կարող է այդ գործընթացը վերսկսվել,-նշել է նա։ Իսկ թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ նշել է, թե ներկա պահին որևէ հիմք չկա ենթադրելու, թե հայ-թուրքական մերձեցումը սառեցված վիճակից դուրս կգա, ու սառույցները կհալվեն։ -Թուրքական մամուլում նշված էր, թե Մեդվեդևին վերստին պիտի համոզեն, որ կայունությունն ու խաղաղությունն ավելի կարևոր են, քան հայ-թուրքական հարաբերությունները, և պետք է լուծել Ղարաբաղի հակամարտութունը։ Այսինքն նախապայմանից չեն հրաժարվել, սակայն միջազգային աջակցություն չեն գտել։ Օբաման է՛լ, Պուտինն է՛լ ասել են, որ դրանք շաղկապված գործընթացներ չեն, և ես չեմ կարծում, որ ռուսական կողմը թուրքերին զիջում կանի։ Իսկ քանի որ զիջում չի արվի, Հայաստանն էլ չպետք է ընդունի նախապայմանները, որովհտև դրանք միջազգային պրակտիկային անհարիր են։ Եվ հետո, արձանագրություններում ո՛չ ղարաբաղի հարց է հիշատակվում, ո՛չ էլ տարածքների հարց, և Հայաստանին լավություն անելու կարգով ինչ-որ բան Հայաստանից խլել թուրքերի մոտ չի ստացվի,-ասել է նա։ Հեղինե Հարությունյան

No comments: