«Լրագիր» 16-6-2010- Հայաստանում կարծես թե բռնկվել է “հնագիտական տենդ”: Իրար հետեւից տեղեկություններ են ստացվում եւ ռեպորտաժներ են հրամցվում հանրությանը աշխարհի ամենահին` 5 ու կես հազար տարեկան կոշիկի մասին, որը հայտնաբերվել է Վայոց Ձորում, 4-հազար տարեկան կճուճների մասին, որոնք հայտնաբերվում են Աշտարակի մատույցներում, ուրարտական շրջանի սանհանգույցների մասին, որոնք հայտնաբերվել են Էրեբունիում: Ով գիտե, թե առաջիկայում էլ ինչեր են հայտնաբերվելու: Բայց արդեն իսկ գտածը թերեւս բավական է, որպեսզի ի թիվս այլ կենտրոնների, Հայաստանը դառնա նաեւ տարածաշրջանային հնագիտական կենտրոն: Մնում է միայն հայտարարել, որ ում նախնիները ինչ կորցրել են, հետնորդները կարող են գալ ու գտնել Հայաստանում:
Ըստ երեւույթին, որեւէ մեկին, այդ թվում թե սեփական քաղաքացիներին, թե միջազգային հանրությանը, չունենալով ապագայով կամ ներկայով շահագրգռելու որեւէ շոշափելի բան, միտք, գաղափար, ծրագիր, Հայաստանի իշխանությունը որոշեց հիմնավորապես կառչել անցյալից, մինչեւ որ ապագայում ասենք Հայաստանն ու Թուրքիան նորից կընդգրկվեն Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ընտրական նույն ենթախմբում: Կամ մինչեւ ասենք մի որեւէ նոր պահ կձեւավորվի համաշխարհային քաղաքական ասպարեզում, որտեղ կրկին կզգացվի Հայաստանի իշխանության գործուն մասնակցության կարիքն, ու կլինեն հրավերներ Վաշինգտոնից, Փարիզից եւ այլ նշանակալի մայրաքաղաքներից:
Այլապես, գուցե ենթադրությունը թվա միօրինակ, բայց եթե Հայաստանի հեռուստամիջավայրում մի որեւէ թեմա սկսում է լինել դոմինանտ, իսկ պեղումների թեման կարծես թե հենց այդպիսին է դարձել կամ դառնում, ուրեմն գործ ունենք իշխանության մարտավարական մտահղացման հետ: Ենթատեքստը հասկանալի է ու պարզ. հասարակությանը ներշնչել, որ ահա Հայաստանում սկսում են հայտնաբերվել հազարամյակներից եկող քաղաքակրթական նշաններ, ու Հայաստանը շատ շուտով դառնալու է “հնագիտական Երուսաղեմ”, ուր աշխարհից գալու են միլիոնավոր “ուխտավորներ”: Ընդ որում, “հնագիտական Երուսաղեմ” ձեւակերպման հեղինակային իրավունքն իմը չէ: Այն պարզապես հնչել է հեռուստառեպորտաժներից մեկում:
Հայաստանի իրավիճակի, հատկապես Հայաստանի իշխանության գործունեության մասին խոսքերի ու գնահատականների, բնորոշումների եւ դիտարկումների շարքում շատերն են հանդիպել “ջայլամի քաղաքականություն” կամ “ջայլամի կեցվածք” արտահայտությանը: Հայտնի է, որ ջայլամը վտանգի դեպքում գլուխը խոթում է հողի մեջ, եւ չտեսնելով ոչինչ, համարում է, թե վտանգ չկա: Հայաստանի իշխանությունը շատ հարցերում է վարվում այդպես, ու չնկատելու տալով խնդիրները, փորձում է տպավորություն ստեղծել, որ դրանք չկան: Այս դեպքում կարծես թե “ջայլամի քաղաքականությունը” կամ “ջայլամի կեցվածքը” էլ ավելի ակնառու է եւ ցցուն. Հայաստանը բառի բուն իմաստով գլուխը խոթել է հողի մեջ, դրանով փորձելով պատասխանել այն բազմաթիվ մարտահրավերներին, որոնք կան երկրի մակերեւույթին թե ներքին, թե արտաքին ոլորտներում:
Հնագիտությունն իհարկե լուրջ եւ կարեւոր մասնագիտություն է, ու ինչպես բոլոր կարեւոր մասնագիտությունները, հնագիտությունն էլ արժանի է մեդիա միջավայրի ուշադրությանը: Բայց զարմանալի է, որ այդ ուշադրությունը դրսեւորվում է բռնկման տեսքով, միանգամից ու շատ, որ ասենք Խոսրովի արգելոցում ներկայում կառուցվող շինության մասին հեռուստաընկերությունները չեն խոսում գրեթե ոչինչ, իսկ ահա հնագետների ուսումնասիրությունները դարձել են լայն լուսաբանման առարկա:
Թեեւ իհարկե Խոսրովի արգելոցի շինության ժամանակն էլ կգա: Չէ որ հիմա ինչ արվում է, սերունդների համար է արվում, եւ մի 1000 տարի հետո հեռուստաեթերում հպարտ հպարտ կներկայացվի, թե ինչպես ասենք արգելոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել է հազարամյա մի ատամի չոփ եւ մի ճմռթված անձեռոցիկ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment