Tert.am. 18-6-2010- Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Վուդրո Վիլսոնի վերլուծական կենտրոնի կողմից ստացավ «Հանրությանը մատուցած ծառայությունների համար» մրցանակը, որին արժանացել էր այս տարվա մարտին:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Four Seasons հյուրանոցում:
Հիշեցնենք, որ Դավութօղլուի մրցանակին դեմ էր արտահայտվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ջատագով Գարի Աքերմանը: Վերջինս նամակ էր գրել Վուդրո Վիլսոն վերլուծական կենտրոնի տնօրեն Լի Համիլթոնին` պահանջելով, որ Դավութօղլուն չպարգևատրվի այդ մրցանակով:
«Դավութօղլուի վարած թուրքական արտաքին քաղաքականությունը լի է անօրինականությամբ, անպատասխանատվությամբ և երկդիմիությամբ»,- իր նամակում գրել էր Աքերմանը` ավելացնելով, որ Դավութօղլուին նման մրցանակի արժանացնելը հակասում է ԱՄՆ-ի նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի անունը կրող այդ հեղինակավոր կազմակերպության դավանած գաղափարներին:
«Չբավարարվելով Հայոց ցեղասպանության փաստի ժխտմամբ՝ Թուրքիան պատժում է, բոլոր նրանց, ովքեր Թուրքիայում ճանաչում են այդ փաստը… Մի արտգործնախարար, ով պաշտպանում է մյուսների իրավունքները ժխտելուն ուղղված զազրելի քաղաքականությունը, արժանի չէ «Հանրությանը մատուցած ծառայությունների համար» նախատեսված մրցանակին»,- ընդգծել էր Աքերմանը:
Friday, June 18, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment