Friday, June 18, 2010

Նախագահները քննարկել են Ղարաբաղյան կարգավորման «հանգուցային խնդիրները»

«Ազատություն» 17-6-2010- Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում հինգշաբթի երեկոյան հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:ԼՐԱՑՎԱԾ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի եռակողմ հանդիպումը մեկնարկել է նախատեսվածից մոտ կես ժամ ուշացումով եւ անցել փակ ռեժիմով: Լրագրողների ներկայությամբ նախագահները խոսել են միայն եղանակից, նաեւ Դմիտրի Մեդվեդեւը հիշեցրել է, որ սա թվով վեցերորդ եռակողմ հանդիպումն է: «Վեց անգամ արդեն հանդիպել ենք` դա քիչ չէ», - նշել է նա, ինչից հետո արդեն փակ դռների հետեւում ծավալվել է երեք երկրների ղեկավարների հիմնական զրույցը: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպումը մեկնարկել է երեք նախագահների մասնակցությամբ, ապա նրանց են միացել արտգործնախարարները: Հանդիպմանը հաջորդել է Ռուսաստանի նախագահի անունից տրված աշխատանքային ընթրիք` նախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ: Հանդիպումից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպման ընթացքում գրանցվել է այն, ինչին կողմերը հասել են բանակցությունների արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այդ արդյունքների հիման վրա: Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել ակտիվ բանակցությունները: «Գործընթացը շարունակվում է: Նախագահները նախարարներին հանձնարարել են շարունակել շփումները: Ակտիվ շփումները կշարունակվեն նաեւ համանախագահների հետ», - հայաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Նալբանդյանը` սանկտպետերբուրգյան հանդիպումը որակելով կարեւոր հանգրվան Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Ռուսաստանյան պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հանդիպումից հետո հայտարարել է, որ նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցային խնդիրները: «Նշվել է կողմերի դիրքորոշումների մերձեցումը կարգավորման հիմնական սկզբունքների տեքստի մի շարք վիճելի դրույթների շուրջ», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Տիմակովան: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, այդ փաստաթղթի վրա աշխատանքը ավարտելուն ուղղված երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը, կրկին եռակողմ ձեւաչափով՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, տեղի էր ունեցել այս տարի՝ հունվարի 25-ին, Սոչիում։ Լրատվամիջոցների փոխանցմամբ` հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում են եղել նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, որոնք, սակայն, հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին։ Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` համանախագահներին ընդունել է Իլհամ Ալիեւը եւ նրանց հետ քննարկել Ղարաբաղյան կարգավորման ներկայիս վիճակը: Հայաստանյան լրատվամիջոցների վկայությամբ` Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, որ Սերժ Սարգսյանը միջնորդների հետ հանդիպելու է ուրբաթ օրը: Նալբանդյանը տեղեկացրել է նաեւ, որ համանախագահները ծրագրում են հուլիսի սկզբին այցելել տարածաշրջան: Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւի հրավերով է մեկնել Ռուսաստան` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին, եւ ուրբաթ օրը կմասնակցի համաժողովի աշխատանքներին: Շաբաթ օրը Հայաստանի նախագահը կմասնակցի հայ համայնքի կազմակերպած հոբելյանական տոնական միջոցառումներին. Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը նշում է այստեղ հայերի հաստատման 300-ամյակը: Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Տավրիկյան պալատում կայանալիք պաշտոնական ընդունելությանը:

No comments: