Thursday, June 17, 2010

ՀԱԶԱՐ ՎՈՒՎՈՒԶԵԼ ԹՈՂ ՓՉԵՆ ԱՅՍՕՐ

«Լրագիր», 17.06.10: Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը արդեն կարելի է համարել լիարժեք, քանի որ արդեն բոլոր թիմերն անցկացրել են իրենց առաջին խաղերը: Հետեւաբար հարմար ժամանակ է որոշակի ամփոփում կատարելու համար: Նախ առաջնության ընդհանուր մթնոլորտի մասով: Պետք է ասել, որ աֆրիկացիներին իսկապես հաջողվեց անել այնպես, որ իրենց մոտ անցկացվող առաջնությունն առանձնանա թե անցյալ առաջնություններից, ու երեւի թե գալիք առաջնություններից, քանի որ հազիվ թե ՖԻՖԱ-ն եւս մեկ անգամ գնա արկածախնդրության եւ առաջնություն անցկացնի մի տեղ, որտեղ թագավորում է վուվուզելների պոպուլյացիան: Վուվուզելի կողքին, մթնոլորտային մյուս երեւույթները խամրում են, կորցնում են իրենց գույնը, հմայքը, հետաքրքրությունը: Վուվուզելից երեւի թե միայն ֆուտբոլը կփրկի, թեեւ նայելով այդ ֆուտբոլի որակին, համենայն դեպս առաջին տուրում, մտածում ես, որ մեկն էլ լինի ֆուտբոլին փրկի: Աշխարհի 2010 թվականի առաջնության առաջին տուրը աչքի ընկավ գոլապակասով եւ խաղամակարդակի ցածրությամբ: Նույնիսկ առաջնության հաղթողի ֆավորիտ համարվող հավաքականները աչքի չընկան աշխարհի առաջնության ֆավորիտին հարիր խաղամակարդակով եւ արդյունավետությամբ: Հիանալի կազմ եւ հատկապես հարձակողական գիծ ունեցող Արգենտինայի հավաքականը Նիգերիայի ոչ լավագույն ժամանակներն անցկացնող հավաքականի հետ խաղում հաղթեց ընդամենը 1:0 հաշվով, այն էլ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Հայնցեն: Շատ են խոսում Արգենտինայի մարզիչ Մարադոնայի գործոնի մասին, որ նա Արգենտինայի թիվ մեկ խնդիրն է լինելու այս առաջնությունում: Գուցե, բայց օրինակ 2006 թվականի առաջնությունում էլ Ֆրանսիայի համար պակաս խնդիր չէր Դոմենեկը (ի դեպ, հիմա էլ), բայց Ֆրանսիայի հավաքականի աստղերը կարողացան խաղն իրենց ուսերին վերցնել ու հասնել մինչեւ եզրափակիչ, որտեղ ի դեպ խաղով ակնհայտ գերազանցեցին չեմպիոն դարձած իտալացիներին: Այնպես որ, եթե թիմն իսկապես ուժեղ է, եթե իսկապես աստղեր են, ապա նրանց ունակությունների մեջ թերեւս պետք է մտնի ոչ միայն կատորողական լավ վարպետությունը, այլ նաեւ եթե տեսնում են, որ մարզիչը խանգարում է, անհրաժեշտ պահին դաշտում մարզչին “շրջանցելու”, “խաբս” տալու հնարամտությունն ու կամքը: Հետեւաբար, Մարադոնան չի կարող լինել արդարացում: Անգլիայի հավաքականի համար էլ արդարացում չի կարող լինել դարպասապահի անփութությունը, որի պատճառով ամերիկացիները հավասարացրին խաղի հաշիվն ու կարողացան այն պահել մինչեւ վերջ` 1:1: Անգլիայի հավաքականը, որը համարվում է առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը, խաղի ամբողջ ընթացքում ցույց չտվեց ֆավորիտին արժանի խաղամակարդակ: Գլխավոր ֆավորիտ չէր համարվում, բայց լավ խաղ ցուցադրեց Գերմանիայի հավաքականը, որը Ավստրալիայի հավաքականի դարպասը գրավեց 4 անգամ: Միակ հանդիպումն առաջին տուրում, որտեղ խփվեց 3 գնդակից ավելի: Իսկ միակն էլ, որտեղ երեք գնդակ խփվեց, Բրազիլիա-Հյուսիսային Կորեա հանդիպում էր, այն էլ երրորդ գոլը կորեացիների խփածն էր, այն բանից հետո, երբ բրազիլացիները հաղթում էին 2:0 հաշվով: Իսկ հաղթելուց առաջ էլ բրազիլացիներն անհուսորեն փորձում էին գոլ խփել հյուսիսկորեացիներին, ու հայտնի չէ, թե ինչ կլիներ, եթե կորեացիների դարպասապահին մի պահ չլքեր ինքնապահպանման բնազդն ու նա չտարվեր ֆուտբոլով եւ չսխալվեր, ինչից էլ օգտվեց Մայկոնն ու բացեց խաղի հաշիվը: Իսկ ընդհանուր խաղամակարդակի առումով, Բրազիլիայի հավաքականն էլ թերեւս չկարողացավ համոզել, որ ֆավորիտ է գործնականում, ոչ թե իներցիայի ուժով: Որքան էլ տարօրինակ թվա, այդուհանդերձ ֆավորիտին արժանի խաղ ցուցադրեց Իսպանիայի հավաքականը, որը թեեւ միակն էր, որ պարտություն կրեց մեկնարկային խաղում: Իսպանիայի հավաքականը խաղում էր: Գուցե թերություններով էր խաղում, գրոհի եզրափակիչ մասում բացակայում էր այսպես ասած ստեղծագործական մոտեցումը, արագությունը, ակտիվությունը, բայց խաղում էր, ի տարբերություն նույն Արգենտինայի, Անգլիայի, Բրազիլիայի: Մեկ էլ Գերմանիան էր խաղում, բայց խաղի կազմակերպման առումով Իսպանիայի հավաքականն ավելի բարձր մակարդակի վրա էր, առավել եւս եթե հաշվի առնենք, որ գերմանացիների հետ խաղում Ավստրալիան էլ փորձում էր խաղալ ու գրոհել, այլ ոչ թե ամբողջ թիմով կուտակվել տուգանային հրապարակում, ինչպես ասենք շվեյցաարացիները կամ Հյուսիսային Կորեայի հավաքականը: Այդ առումով, ի տարբերություն Արգենտինայի, Գերմանիայի եւ Անգլիայի, Բրազիլիայի եւ Իսպանիայի հավաքականի խնդիրները առավել բարդ էին, քանի որ նրանց մրցակիցները բացարձակապես չէին մտածում իրենց կիսադաշտից երեք հոգուց ավելի խաղացողով դուրս գալու մասին: Ի դեպ, գրեթե նույն վիճակում էին նաեւ Ֆրանսիայի եւ Իտալիայի հավաքականները, որոնց մրցակիցներ Ուրուգվայն ու Պարագվայն էլ կարծես թե սպասում էին, որ մրցակցի դարպասը գա իրենց մոտ, ոչ թե իրենք գնան այնտեղ: Այդ ամենով հանդերձ, անշուշտ վաղ է միայն առաջին տուրով դատել առաջնությանը ֆավորիտների պատրաստվածության մասին: Թիմերը նոր են վարժվում առաջնության ռեժիմին: Ֆավորիտներն իրենց պլանավորումը կազմում են թերեւս առնվազն 5 խաղի հաշվարկով, իսկ դա նշանակում է, որ կա առաջնության ընթացքում ուժերը հավասարաչափ բաշխելու, էներգիան ավելորդ չվատնելու, առաջնահերթությունները հստակեցնելու խնդիր: Պլանավորման այդ տարբերակը անշուշտ կարող է դուր չգալ շատ ֆուտբոլասերների, որոնք պահանջում են դիտարժան խաղ, եթե նույնիսկ հանդիսանում են տվյալ հավաքականի երկրպագու: Բայց այդպիսին է ժամանակակից ֆուտբոլը: Մաթեմատիկական բաղադրիչի պարունակությամբ այն շուտով երեւի թե կհավասարվի շախմատին: Պարզապես վատ է, երբ մաթեմատիկայի բաղադրիչն ավելանում է ի հաշիվ ֆուտբոլային “ազատ արվեստի”: Բայց այդուհանդերձ, ֆուտբոլն ի բնե այնպիսի խաղատեսակ է, որտեղ “ազատության” հաղթանակը այլընտրանք չունի, որտեղ ազատությունը հիվանդանում է, բայց չի մեռնում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: