Wednesday, July 21, 2010

ԻՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՀՀՇ-Ն

«Լրագիր» 21-7-2010- ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը հուլիսի 21-ի ասուլիսում լրագրողներին է ներկայացրել առաջիկայում ՀՀՇ անելիքը: Նա նշել է, որ սկսելու են ավելի ակտիվ աշխատել միջազգային կառույցների հետ, միջազգայնացնել քաղբանտարկյալների հարցը: “Մենք միջազգային կառույցների հնարավորությունները եւ այդ կառույցներում մեր լինելն օգտագործելու ենք քաղբանտարկյալների հնարավորինս շուտ ազատման համար, եւ լիբերալ ազատական գաղափարների ներմուծման, արտահանման, համատեղ աշխատելու: Այսինքն` լրջագույն աշխատանք միջազգային կառույների հետ: Սա լրիվ նոր բնագավառ է կուսակցության համար”, նշել է ՀՀՇ վարչության նախագահը: Հաջորդը, որ անելու է ՀՀՇ-ն, ըստ նրա, տարածքային կառույցների հզորացումն ու ընդլայնումն է: “Մենք հզորացնում ենք մեր տարածքային կառույցները, եւ ընդարձակվում ենք ամբողջ Հայաստանում եւ ուժեղանում ենք ամբողջ հայաստանյան տարածքում: Սա կարեւորագույն խնդիր է: Այդ առումով աշխատանքային լիքը նոր բաներ ունենք, նոր քարտադարան, հաշվառման նոր մեթոդ, նոր մեթոդների կիրառում, կապի ուժեղացում կենտրոնական մարմինների հետ: Եվ երիտասարդների լրջագույն ակտիվացում բոլոր գործընթացներին, բոլոր պրոցեսներին ներգրավում: Նախատեսել ենք, ես դա ոգեւորությամբ եմ ձեզ ասում, անելու եմ, դասընթացներ` համակարգչային, լեզուների, քաղաքական դասընթացներ, ազատական գաղափարների դասընթացներ”, ասում է Արամ Մանուկյանը, նշելով, թե ՀՀՇ շարունակական երիտասարդացումը լինելու է կուսակցության ռազմավարական նպատակ: “Եվ շատ կարճ ժամանակ հետո դուք կհամոզվեք, որ այդ բնագավառում մենք հաջողություններ ենք արձանագրում”, ասում է Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, ՀՀՇ-ն շատ կարճ ժամանակում կունենա արդյունքներ: Արամ Մանուկյանը ասում է, որ դա կուժեղացնի նաեւ Հայ Ազգային կոնգրեսին, որի անդամ է ՀՀՇ-ն: Արամ Մանուկյանը նշում է, որ ՀՀՇ-ն ակտիվացնելու է նաեւ աշխատանքը կոնգրեսի հետ:

No comments: