Wednesday, July 21, 2010

ԱՄՆ-ն Թուրքիան կարող է փոխարինել Հայաստանով. Արա Պապյան Թուրքիայի պահվածքն այսօր աստիճանաբար դառնում է ավելի անկառավարելի, ավել

Թուրքիայի պահվածքն այսօր աստիճանաբար դառնում է ավելի անկառավարելի, ավելի ինքնուրույն, ինչ-որ տեղ ավելի գոռոզ և մեծամիտ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով տարաժաշրջանային զարգացումներին, ասաց «Մոդուս վիվենդի» հասարակական-քաղաքական կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը։ Ըստ նրա, Թուրքիան վերջին շրջանում սկսել է ինքնուրույն դերակատարություններ ստանձնել՝ հաճախ հակադրվելով Արևմուտքին և ԱՄՆ-ին։ «Սա խիստ վտանգավոր խաղ է Թուրքիայի համար, որովհետև հակադրվելով Արևմուտքին, ինչը Թուրքիայի իսլամացման դրսևորումն է, այդ երկիրը ձեռք է բերում նոր հակառակորդներ և ընդդիմադիրներ, որոնք նախկինում դաշնակից էին»,- նշեց նա։ Պապյանի խոսքով՝ եթե Արևմուտքը և ԱՄՆ-ը նախկինում Թուրքիային շատ հարցերում պաշտպանում էին, ապա այսօր այդպես չէ։ Թուրքիան վերադառնալով իր արմատներին և դառնալով ավելի իսլամական՝ Արևմտյան արժեքները հաշվի չի առնում։ Պատմաբանի խոսքով՝ այստեղից բխող մեկ այլ քաղաքական միտում կա, որը դեռևս խիստ սաղմնային վիճակում է. ԱՄՆ-ը և Արևմուտքը Թուրքիային փոխարինող են որոնում՝ որպես դաշնակից, որպես հենարան։ «Ես միանշանակ չեմ պնդում, որ դա կլինի Հայաստանը, քանի որ դա կախված է մեր քաղաքականությունից»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ նոր դաշնակիցներ ոչ միայն որոնում են, այլ մտադիր են ստեղծել։ Պապյանի կանխատեսումներով՝ առաջիկա 10-15 տարիներին տարածաշրջանում շատ լուրջ փոփոխությունների ականատես կլինենք, որի հետևանքով Հայաստանը կարող է շատ բան կորցնել կամ շատ բան շահել. «Այլևս չկա այն վիճակը, որ մենք կարող ենք նստել և 15 տարի սպասել, որ փոփոխությունների ալիքը գա ու անցնի։ Հետևաբար, ճիշտ կողմնորոշվել և գործողություններ իրականացնելը բխում է մեր շահերից»։ Պապյանը նաև նշեց, որ Հայաստանի ընդգծված ռուսամետ դիրքորոշումը հավասարակշռման կարիք ունի. «Ռուսաստանի հետ միայն արժանապատիվ հարաբերություններ պետք է հաստատել»։

No comments: