
Ս. Սուրենյանցը շուտափույթ կարգավորում չի տեսնում
Panorama.am. 19-7-2010- «Ակնհայտ է, որ միջնորդներն ակտիվացրել են ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ փորձելով ներբեռնել կողմերի դիրքորոշումները: Չնայած դրան ես կարծում եմ, որ հակամարտող սուբյեկտների մոտեցումներն այս պահին տրամագծորեն տարբեր են ու համաձայնագրի կնքում մոտ ապագայում
հազիվ թե տեղի ունենա»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ալմաթիյում տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանն ու ՄԽ համախագահ երկրների պատվիրակության ղեկավարների հայտարարությանը, նշեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:
Վերջինս միաժամանակ հավելեց, որ համանախագահ երկրների տարածած հայտարարության տրամաբանանությունը շատ քիչ էր տարբերվում վերջին մեկ ամսում հրապարակված երկու հայտարարություններից:
Ս. Սուրենյանցի խոսքերով, միջնորդ երկրների այս ակտիվությունն, այնուամենայնիվ, իր դրական հետևանքը կունենա. «դրանով էապես նվազում է պատերազմի վերսկսման հնարավորությունները»:
«Կուզենաք պրոցեսը Պրահյան, Մադրիդյան անվանեք կամ ինչպես վերջերս ԱԳ նախարար Նալբանդյանն է ասում՝ Սանկտ Պետերբուրգյան, դրանից հիմնախնդրի էությունը չի փոխվում: Դրականն այն է, որ հակամարտության երկու կողմերն էլ, ըստ էության ընդունել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքների շուրջ: Կարծես թե, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն այդ սկզբունքներն ընդունել են: Այլ բան է, որ Երևանում և Բաքվում տարբեր կերպ են մեկնաբանում այդ սկզբունքները»,- ասաց նա:
Ի պատասխան Panorama.am-ի դիտարկմանը, որ վերջին շրջանում հնչող հայտարարություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե գործընթացը հասել է մի փուլի, երբ կողմերը վերջնական համաձայնություն կամ անհամաձայնություն պետք է հայտնեն ներկայացված առաջարկների առնչությամբ, Ս. Սուրենյանցն ասաց.
«Կարծում եմ, որ վերջնաժամկետներ չի ֆիքսվել, իսկ միջնորդների խնդիրն էլ այն է, որ կողմերի դիրքորոշումները հնարավորինս մերձենան: Այսինքն՝ աշխատում են յուրաքանչյուր առիթ, հանդիպում օգտագործել, որպեսզի կողմերը համաձայնության գան մեկ հարցի շուրջ, հաջորդ հանդիպմանը՝ մյուս հարցի շուրջ»:
«Արագ լուծումներ, կայծակնային լուծումներ դժվար է ակնկալել: Ես չեմ կարծում, որ միջնորդները դա չեն հասկանում: Մյուս կողմից ակնհայտ է, որ ստատուս-քվոյի պահպանումը հավերժական չի կարող լինել: Ավելին՝ ստատուս-քվոյի պահպանումն իր մեջ ռիսկեր է պահպանում, որից ամենավտանգավորը՝ պատերազմի վերսկսումն է»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարների հայտարարության մեջ նշվում է, թե իրենք վերահաստատում են նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի 2009թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիալյում ձևակերպված և 2010թ. հունիսի 26-ին Մուսկոկայում կրկնված հայտարարությունը. տարրերը պետք է հիմք դառնան հակամարտության ցանկացած արդար ու կայուն լուծման համար:
Այս տարրերը մշակված են որպես մեկ ամբողջություն, և որոշ տարրեր ընտրողաբար առանձնացնելու ու կարևորելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակշիռ լուծումը: Հայտարարության հեղինակները նաև նախազգուշացնում են, որ ներկայիս իրավիճակը հետևանք է ուժի կիրառման, և դրա կրկությունը կհանգեցնի միայն տառապանքների ու ավերումների, իսկ հակամարտությունն ու թշնամանքը կժառանգի հաջորդ սերունդներին:
No comments:
Post a Comment