Monday, July 19, 2010

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով Աստանայում հնգակողմ հայտարարություն չարվեց. Նալբանդյան

Tert.am. 19-7-2010- Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության վերաբերյալ: «Հնգակողմ հանդիպումը օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անել, իհարկե, Ադրբեջանի` ադրբեջանական կողմի ապակառուցողական, ինչպես միշտ, դիրքորոշման պատճառով: Եռանախագահող երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Քուշները և Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը հայտարարություն արեցին ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Ինչի մասին է այս հայտարարությունը: Նախևառաջ հղում է կատարվում 2009թ. դեկտեմբեր 1-ին ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ընթացքում արված հայտարարությանը, հղում է կատարվում երեք սկզբունքներին, որի հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը, հայտնի սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Հղում է կատարվում լ’Ակվիլայում անցյալ տարի և այս տարի Մուսկոկայում նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի կողմից արված հայտարություններին և դրանց մեջ պարունակվող դրույթներին, և ասվում է, որ հենց դրանց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը: Կարևոր է, որ նշվում է, որ այս սկզբունքների, այս դրույթների միջև չի կարելի գերակայություն կատարել, չի կարելի ընտրովի մոտենալ այս սկզբունքներին և դրույթներին: Եթե Ադրբեջանը այս երեք սկզբունքներից կենտրոնում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եթե Մուսկոկայի վեց դրույթներից ադրբեջանցիները առանձնացնում են միայն մեկը, ասում են այո մեկին, պատրաստ են աշխատել այս առաջարկների հիման վրա, այս սկզբունքների հիման վրա, բայց երբ որ վերադարձվեն տարածքները: Իրականում իրենք վերցնում են վեցից միայն մեկ դրույթ և դա են շահարկում: Եռանախագահող երկրները շատ պարզ և բաց ձևով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է. չի կարելի խտրականություն դնել այս սկզբունքների և դրույթների միջև, չի կարելի ընտրովի մոտեցում ցուցաբերել: Այս բոլոր սկզբունքները մշակվել են որպես ամբողջականություն և որպես միասնական առաջարկ: Երկրորդը. այս հայտարարության մեջ նորից շեշտվում է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր կատարվեն: Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ հրաժարվում է հրադադարի ամրապնդումից: Եռանախագահող երկրները ևս մեկ անգամ շեշտեցին դրա անհրաժեշտությունը, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն բանակցությունների շարունակման և հիմնախնդրի կարգավորման համար: Այս հայտարարության մեջ նաև նշվում է հունիսի 18-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքի մասին և նաև այլ գործողությունների, այլ քայլերի, որոնք արվում են Ադրբեջանի կողմից: Կարծեմ` այստեղ բոլորի համար ակնհայտ է` ում մասին է խոսքը, որովհետև խոսվում է հրահրիչ հայտարարությունների մասին, որոնք սրում են իրավիճակը, և որոնք չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը»:

No comments: