Wednesday, July 21, 2010

Ալիևը ջանում է արևմտյան ճնշումները չեզոքացնել Սահակաշվիլի միջոցով

Aysor.am. 20.07.2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վրաստան կատարած մեկօրյա այցը և նրա նպատակը միանշանակ չի գնահատվել ադրբեջանական մամուլում: Մի շարք փորձագետներ Ի.Ալիևի այցը գնահատում են որպես ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Բաքու և Թբիլիսի կատարած այցերի ժամանակ հաձնարարած ինչ-որ կարևոր ծրագրի իրագործում: Նրանց կարծիքով, այդ ծրագիրը նախատեսում է Վրաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ համատեղ գործունեություն: Այս մասին գրում է «Ազադլըգ» թերթը: Մի խումբ փորձագետներ էլ կարծում են, որ առաջիկա նոյեմբերյան խորհրդարանական ընտրությունների շեմին Արևմուտքից եկող ճնշումները չեզոքացնելու համար Ի.Ալիևը ցանկանում է օգտվել Միխայիլ Սահակաշվիլիի օգնությունից, այսինքն` աշխատում է Վրաստանի նախագահի միջոցով որոշակի ուղերձներ հղել Արևմուտքին: Քաղաքական փորձագետ Ռահիմ Հաջիևը «Ազադլըգ»-ի հետ զրույցում նկատել է, որ ընտրությունների հետ կապված` Ադրբեջանի իշխանության վրա ճնշումները գնալով ուժեղանում են և տեղի ունեցող իրադարձություններն էլ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանության և Արևմուտքի միջև հարաբերությունները գնալով ավելի են լարվում: «Չնայած որ Հիլարի Քլինթոնը պահանջեց դեմոկրատական բարեփոխումներ անցկացնել Ադրբեջանում և ազատ արձակել լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևին, իշխանությունը դրանցից ոչ մեկին ընդառաջ չգնաց: Ադրբեջանի հետ ասոցիատիվ անդամակցության շուրջ համագործակություն առաջարկող Եվրոպական Միությունն այդ ուղղությամբ իրական ցանկություն չի դրսևորում: Օրերս էլ Հարավային Կովկասի երկրների հետ ասոցիատիվ անդամակցության շուրջ համագործակցության համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները հայտարարեց, որ որևէ երկրի հետ համագործակցություն սկսելն ու կապեր հաստատելը Եվրամիության գործն է: Բոլորին պարզ է, որ Ադրբեջանի կառավարությունը մտադիր չէ լուրջ համագործակցուն սկսել Եվրամիության հետ, քանի որ այդ համաձայնագրում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը ներկայացվում են որպես հիմնարար սկզբունքներ»,- կարծիք է հայտնել նա: Հենց այդ պաշտոնական բացատրություններից հետո Ի.Ալիևի` Վրաստան հանելուկային այցի ի հայտ գալու մասին խոսող Ռ.Հաջիևն ընդգծել է, որ Բ.Քուշների հայտարարությունն իրականում Ադրբեջանին արված ուղերձ էր: Նշելով, որ իշխանությունը լավ է հասկանում, որ ԱՄՆ-Ադրբեջան լարված հարաբերությունները ոչ մի լավ բան չեն խոստանում իրեն, փորձագետը հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունը աշխատում է օգտվել ԱՄՆ-ի հետ Սահակաշվիլիի ունեցած լավ հարաբերություններից: «Իլհամ Ալիևի Վրաստան այցը բավական հանելուկային է: Այդ այցի արդյունքում որևէ լուրջ ձեռքբերման մասին տեղեկություններ չկան: Միակ բանն այն է, որ Ադրբեջանի իշխանությունն աշխատում է Արևմուտքի հետ իր լարված հարաբերությունները կարգավորել տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենավստահելի վրացի առաջնորդի միջոցով: Բայց խնդիրն այն է, որ Արևմուտքի հետ հարաբերությունները կարող է նորմալացնել միայն իշխանության առաջ դրված պահանջների կենսագործումը»,- եզրահանգել է փորձագետը:

No comments: