Monday, August 16, 2010

Իրանը պատրաստվում է ուրանի հարստացման նոր օբյեկտ կառուցել

Tert.am. 16-8-2010- Մինչև 2011թ. մարտը Իրանը կսկսի ուրանի հարստացման նոր օբյեկտ կառուցել։ Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության եթերից հայտարարել է Իրանի փոխնախագահ Ալի Ակբար Սալեհին, որը նաև երկրում միջուկային հարցերով գլխավոր պատասխանատուն է։ Ըստ BBC News–ի, Սալեհիի այս հայտարարությունն «ապտակ» է Թեհրանի միջուկային հարստացման ծրագիրը դադարեցնելու նպատակով միջազգային հանրության գործադրած ջանքերին։ Ուրանի հարստացման այս օբյեկտը մեկն է այն տասը օբյեկտներից, որոնց շինարարության ծրագրերն Իրանը հաստատել էր դեռ անցած տարի։ Սալեհին նաև ասել է, որ բոլոր 10 օբյեկտների կառուցման վայրն արդեն հայտնի է, սակայն այլ մանրամասներ նա չի հաղորդել։ Նշենք, որ Իրանի ուրանի հարստացման ամենամեծ օբյեկտը գտնվում է Սպահան նահանգի Նաթանզ քաղաքում, իսկ մեկ այլ՝ ավելի փոքր օբյեկտ գտնվում է Կում քաղաքի շրջակայքում։ Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ գալիք 15 տարիներին էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը բավարարելու համար երկրին հարկավոր է ուրանի հարստացման 20 օբյեկտ։ Հիշեցնենք, որ Արևմուտքն ու ԱՄՆ–ը պնդում են, թե Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։

No comments: