Monday, August 16, 2010

Ռուսաստանի նախագահը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ: Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, նախագահի նստավայրում կտրվի պետական ճաշ: Օգոստոսի 20-ին նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր: ՀՀ նախագահի նստավայրում, այնուհետ, տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի համատեղ մամուլի ասուլիսը: ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում, ՀՀ եւ ՌԴ նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Պետական այցի ավարտին, Ռուսաստանի նախագահը կմասնակցի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

No comments: