Monday, August 16, 2010

ՀԽ ենթահանձնաժողովը կոչ է անում չմասնակցել Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին

Panorama.am. 16-8-2010- Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը կոչ է անում հայ հասարակությանը, Հայ Առաքելական Եկեղեցուն, տուրիստական ընկերություններին չմասնակցել սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին: Այս մասին ասուլիսում ասաց ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը` հավելելով, որ որևէ հայը մասնակցելով Աղթամարի միջոցառմանը` պարզապես հարված է հասցնում հայկական կողմի ձեռք բերած դիվանագիտական հաջողությանը: Նշենք, որ Հանրային խորհրդի այս ենթահանձնաժողովն օրեր առաջ քննարկել է «Վան-Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Ռոմիկ Հովնանյանի նամակը, որով վերջինս առաջարկում էր չմասնակցել սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունների կազմակերպած արարողությանը, որի ժամանակ կմատուցվի պատարագ։ 19 կողմ և 2 դեմ ձայներով ՀԽ տվյալ ենթահանձնաժողովն ընդունել է հայտարարություն, որը կոչ է անում հայերին չմասնակցել սեպտեմբրի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Պատասխանելով այն հարցին, թե ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին ներկայացվե՞լ է իրենց ընդունած որոշումը, Ժ. Ասրյանն ասաց, որ նա այժմ արձակուրդում է, վերադառնալուց հետո կներկայացնեն: Նա ասաց, որ ՀԽ ենթահանձնաժողովներն իրենց որոշումները ներկայացնում են Հանրային խորհրդին, որն այն ընդունում կամ չի ընդունում:

No comments: