Thursday, October 21, 2010

Բագրատ Ասատրյան. 1,5 միլիարդ դոլարի արտաքին պարտքը Հայաստանին պետք չէր

Panorama.am. 21-10-2010 - «Այն 1,5 միլիարդ դոլարի արտաքին պարտքը, որն անցած տարի ներգրավեց Հայաստանի կառավարությունը, մեզ պետք չէր, քանի որ արդյունքում մենք ամենավատ ցուցանիշը ցույց տվեցինք ԱՊՀ երկրների թվում»: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանը` հավելելով, որ ըստ իշխանությունների տրամաբանության, անկումը պետք է կազմեր 30 տոկոս, բայց արտաքին պարտքն ավելացնելով կազմեց 14 տոկոս:
«Խելամիտ են եղել վճիռները, թե ոչ, հիմա բոլորս պետք է վճարենք դրա համար: Սա ահազանգ է, որ երբեւիցե, որեւէ իշխանություն չպետք է գնա նման փոխառությունների: Վերցնելուց պետք է այնպես վերցնել, որպեսզի բյուջեում մի քանի կետով եկամուտներ առաջանան, որոնք այդ ծախսերի կատարմանը ուղղվեն: Հենց դա է պատճառը, որ այս տարվա բյուջեով արտաքին պարտքի սպասարկմանը հատկացվող գումարը նախորդ տարվա համեմատ աճելու է 80 տոկոսով»,- նշեց Բ.Ասատրյանը:

Հարցին, թե ի՞նչ տնտեսական քաղաքականություն կորդեգրեր ՀԱԿ-ը ճգնաժամի պայմաններում, եթե լիներ կառավարության ղեկին, Բ. Ասատրյանը պատասխանեց. «ՀԱԿ-ի առաջարկների մեծ մասը վերաբերում էր հարկմանը: Պետք է հարկվեին բոլորը, գույքահարկի շեշտակի ավելացում պետք է լիներ: Եկամտահարկի կիրառման որոշակի սկզբունքներ պետք է կիրառվեին: Այսօր եկամտահարկ վճարում են հիմնականում պետծառայողները եւ մի շարք նեղ ոլորտների ներկայացուցիչներ»:

No comments: