Thursday, October 21, 2010

Թուրքական մամուլը խմբագրել է Սերժ Ավեդիքյանի խոսքերը

Tert.am. 20-10-2010- «Ասել եմ, որ ֆիլմն ուղղակիորեն չի խոսում Հայոց ցեղասպանության մասին։ Այն ներկայացնում է պատմական փաստ՝ 1910թ. Կոստանդնուպոլսում շների ոչնչացումը, որի պատասխանատուն երիտթուրքերի կառավարությունն էր: Ստացվում է՝ ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին չէ, բայց այդ մետաֆորան ճիշտ է, որովհետև նույն կառավարությունն էր, որ իրականացրեց Ցեղասպանությունը: Ահա սա եմ պատասխանել թուրք լրագրողի հարցին»: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, ով վերջերս մասնակցում էր Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնին:
Բացի այդ, Սերժ Ավեդիքյանը ներկայացրեց հետաքրքիր մանրամասներ` կապված Թուրքիայում իր «Շների պատմություն» (Chienne d’histoire) անիմացիոն ֆիլմի ցուցադրության և իր մասնակցությամբ թուրքական համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով տեղի ունեցած քննարկման մասին:
«Նույն Անթալիայի փառատոնի ժամանակ իմ աչքի առջև իմ ֆիլմի 10 հազար խտասկավառակներ բաժանվեցին ուսանողներին, որպեսզի նրանք ուսումնասիրեն այն: Բացի այդ, Անթալիայի համալսարանում երեք ժամ տևողությամբ հանդիպում ունեցա ուսանողների հետ, որի ընթացքում հարցեր հնչեցին իմ ֆիլմի և Ցեղասպանության մասին»,- ասաց Ավեդիքյանը` ընդգծելով, որ ինքը հանդիպման ընթացքում թուրք ուսանողներին պատմական ապացույցներով ներկայացրել է Հայոց ցեղասպանության փաստը:
«Թուրք ուսանողներին պատմեցի դրա մասին՝ պատմական հիմքերով, մի քանի անգամ գործածելով Ցեղասպանություն եզրույթը: Հանդիպման ավարտին մի քանի ուսանողներ մոտեցան ինձ և ասացին, որ այդ պատմական իրադարձություններին դժվար է տալ Ցեղասպանություն բնորոշումը: Ես նրանց պատասխանեցի, որ մի քանի ոչ հայ պատմաբանների գրքեր, որոնք թարգմանվել են թուրքերեն, պետք է մտնեն թուրքական համալսարաններ, որպեսզի թուրք ուսանողները թոթափեն մեղավորության զգացումը՝ ընդունելով այդ ժամանակաշրջանի պատասխանատուների որոշումները, այսինքն` երիտթուրքերի իրականացրած հանցագործությունները: Օրինակ բերեցի Թաներ Աքչամի գրքերը, որոնք ապացուցում են հայ ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանությունը: Իսկ Թաներ Աքչամը թուրք պատմաբան է, ով տիրապետում է օսմաներենին և գիտի՝ ինչպես օգտագործել արխիվները», - նշեց հայտնի ֆրանսահայ ռեժիսորը:
Երեկ թուրքական Milliyet օրաթերթից թարգմանաբար հատվածներ էինք ներկայացրել ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի հարցազրույցից:
Ըստ թերթի՝ Ավեդիքյանն ասել էր. «Միջազգային մամուլը, ուշադրություն դարձնելով իմ հայկական ծագման վրա, այդ ֆիլմը փորձում է ներկայացնել որպես բռնագաղթի ալեգորիա: Սակայն ես երբեք նման բան չեմ ասել»։

No comments: