Wednesday, January 26, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

«Լրագիր» 25-1-2011- Չնայած այն բանին, որ Հայաստանի ուժային համակարգի կառույցները բազմաթիվ ծրագրերով ֆինանսավորում են ստանում արեւմտյան պետություններից եւ կազմակերպություններից, որոնք ուղղված են ուժային համակարգի գերատեսչությունների կառուցվածքի եւ աշխատանքի որակական բարելավմանը, տեխնոլոգիական առաջընթացին, այդուհանդերձ Հայաստանի ուժային գերատեսչությունների աշխատանքում գերակայում է աշխատանքի այսպես ասած ռուսական որակը, ռուսական մեթոդաբանությունը:
Թերեւս ավելորդ է նկարագրել այդ մեթոդաբանությունը: Այն քաջածանոթ է հայաստանցիներին ոչ միայն անկախության տարիներից, հատկապես վերջին տարիներին երկրի հասարակական-քաղաքական կյանքում ուժային կառույցների դեստրուկտիվ դերակատարությունից, այլ նաեւ Խորհրդային Միության ժամանակաշրջանից: Ռուսական մեթոդաբանության արդյունավետությունն արտահայտվում է միայն իշխանություններին պաշտպանելու հարցում, եթե հարկավոր է ցրել այլախոհների որեւէ հավաք, ուժ կիրառել իշխանության համար քիչ թե շատ վտանգավոր հանրահավաքի մասնակիցների հանդեպ, հետո հետապնդել դրանց մասնակիցներին տանը, աշխատավայրում, ահաբեկել նրանց:

Այդ հարցում ուժային կառույցների աշխատանքի ռուսական մեթոդաբանությունը գուցե լավագույններից մեկն է աշխարհում, եթե ոչ լավագույնը: Սակայն ինչ վերաբերում է քաղաքացիների անվտանգության ապահովմանը, քաղաքացիների իրավական պաշտպանությանը, ուժային կառույցների գործունեության ռուսական մեթոդաբանությունը տապալվում է պարբերաբար: Դրա վերջին վառ վկայությունը Մոսկվայում տեղի ունեցած հերթական ահաբեկչական գործողությունն էր, երբ Դոմոդեդովո օդանավակայանում մահապարտ-ահաբեկիչը կարողացել է մի քանի կիլոգրամ տրոտիլով հայտնվել օդանավակայանի սպասասրահում եւ պայթյուն իրականացնել, դառնալով տասնյակ զոհերի պատճառ:

Իսկ ընդհանրապես, այդ մեթոդաբանությունը պարբերաբար է հանրությանը մատուցում իր անարդյունավետության վկայությունները: Օրինակ Հայաստանի հասարակությունը միայն 2010 թվականին ականատես դարձավ այդպիսի բազմաթիվ օրինակների, երբ բանակում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, երբ ոստիկանության Չարենցավանի բաժնում սպանվեց Վահան Խալաֆյանը: Ընդ որում, այդ մեթոդաբանության առանձնահատկություններից մեկն էլ անպատժելիությունն է: Այսինքն, քաղաքացիների հանդեպ համակարգի թույլ տված սխալների համար պատժվողներ չպետք է լինեն, կամ եթե լինում են պատիժներ, ապա միայն քավության նոխազների կամ էլ ձեւական պատիժների տեսքով:

Գրեթե աներկբա է, որ Հայաստանի զարգացման կարեւոր գրավականներից մեկն այն է, որ ուժային կառույցների գործունեության հիմքից պետք է հանվի ռուսական մեթոդաբանությունը: Խոսքը թե բանակի, թե ոստիկանության, թե ազգային անվտանգության ծառայության, թե դատախազության մասին է: Արեւմտյան երկրների եւ կառույցների հետ իրականացվող ծրագրերն առայժմ միայն անվանափոխությունների էֆեկտ են տալիս, փոխում են իրավիճակի միայն արտաքին տեսքը, փաթեթավորումը: Օրինակ, միլիցիան վերանվանվում է ոստիկանություն, բայց գործունեության մեթոդաբանությունն ու որակը դրանից չի փոխվում: Կամ, բանակի համազգեստը մոտենում է ՆԱՏՕ համազգեստին, բայց ներբանակային հարաբերությունների սովետականությունը դրանից չի նվազում: Կամ փորձ է արվում մունիցիպալ ոստիկանության պիլոտային ծրագիր իրականացնել, բայց միեւնույն է “պիլոտը” ղեկավարում է խորհրդային միլիցիայի “օդանավը”:

Կարելի է էլի շատ օրինակներ բերել, երբ տեղի է ունեցել տեխնոլոգիաների, անվանումների, հանդերձանքի փոփոխություն, սակայն աշխատանքի որակն ու մեթոդաբանությունը մնացել է նույնը. ուժային կառույցների հիմնական խնդիրը շարունակում է մնալ ոչ թե օրենքի, քաղաքացիների, այլ իշխանության պաշտպանությունը քաղաքացիներից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: