Wednesday, January 26, 2011

Թուրքագետ. Թուրքիայի վարչապետը փորձում է հայ ճարտարապետի գերեզմանի նորոգումն օգտագործել քաղաքական նպատակներով

News.am. 26-1-2011- Թուրքիայի վարչապետ Էրդողանի ուղենիշն է՝ անել մի բան, այդ մասին հետագայում հայտարարելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով ազգությամբ հայ ճարտարապետ Սարգիս Լոլե Գիզոյի գերեզմանի վերանորոգման մասին թուրքական իշխանությունների որոշմանը։
«Հայտնի է, որ Թուրքիայի հարավ- արեւելքում գտնվող Մարդին քաղաքի ճարտարապետության մեջ հայերը մեծ ներդրում են ունեցել։ Նույնիսկ տեղի փողոցներից մեկը ժամանակ առաջ Սարգիս Լոլեի անունով կոչվեց։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ հատվածում, որը հիմնականում քրդաբնակ է, առկա չեն հակահայ տրամադրություններ»,-հայտարարեց Իսպիրյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի այդ՝ հարավարեւելյան հատվածում թուրքական իշխանությունները, ի դեմս տեղական ինքնակառավարման մարմինների, առանձնահատուկ քաղաքականություն են իրականացնում։ «Կոնկրետ Մարդինում մեծ թիվ են կազմում Սարգիս Լոլեի հեղինակած աշխատանքները։ Իսկ Մարդինի թաղամասերից մեկը հայ ճարտարապետի անունով կոչելու նպատակն այն էր, որպեսզի ցույց տրվեր, որ Մարդինը նկարագիր, պատմություն ունեցող քաղաք է. ունի ճարտարապետ, ով ազգությամբ հայ է»,-հայտարարեց թուրքագետը։
Իսպիրյանի ներկայացմամբ՝ Մարդինի իշխանությունները քաղաքի ճարտարապետի գերեզմանը նորոգելու մտադրությունը քննարկել են Մարդին ժամանած վարչապետ Էրդողանի հետ։ Նա էլ, տեսնելով տեղի բնակչության տրամադրվածությունը, հավանության է արժանացրել նշված որոշումը։ «Էրդողանն այս ամենն արեց ցուցադրական նպատակներով՝ հետագայում աշխարհին այդ մասին հայտարարելու համար։ Էրդողանի ուղենիշն է՝ անել ինչ-որ բան, հատուկ դրա մասին հայտարարելու համար»,-ընդգծեց Իսպիրյանը՝ հավելելով, որ Թուրքիայի վարչապետն այդ դիրքորոշումն է որդեգրում Թուրքիային վերաբերող ցանկացած՝ թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական հարցերում եւ փորձում է այսպիսով դիվիդենտներ շահել։
Նշենք, որ Մարդինի քաղաքապետ Բեշիր Այանօղլուն թուրքական լրատվամիջոցներին հայտարարել է, թե Էրդողանը հայ ճարտարապետի գերեզմանը վերանորոգելու գործն անձամբ իրեն է հանձնարարել։ Այանօղլուն պատրաստվում է դիմել Լոլեի՝ Հալեպում եւ Բեյրութում ապրող ժառանգներին՝ գերեզմանը վերականգնելու հարցում նրանց համաձայնությունը ստանալու համար։

No comments: