Friday, April 1, 2011

Շվեյցարիան շատ ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին. Միշլին Կալմի Ռեյ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի Ռեյին (Micheline Calmy-Rey):
Ողջունելով բարձրաստիճան հյուրին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է ԱԳՆ հարկի տակ հյուրընկալելու Շվեյցարիայի Համադաշնության նախագահին, որի հետ վերջին տարիներին որպես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար կայացել են շուրջ երկու տասնյակ հանդիպումներ:
«Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը գալիս է արձանագրելու ևս մի կարևոր քայլ՝ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների՝ հատկապես վերջին տարիների վերընթաց զարգացման ճանապարհին։
Այդ վերընթաց զարգացման համար, անշուշտ, ջանքերն ու ձգտումը եղել են փոխադարձ։ Այսօր, տիկին Նախագահ, ըստ էության շարունակությունն է Հայաստան կատարած Ձեր նախորդ այցի, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, երկուստեք կարևորվեց Հայաստանում շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչության բացման անհրաժեշտությունը: Դուք հետևողական եղաք նաև այս հարցում և այդ հետևողականությունն արժանի է այսօր հիշատակման»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Կալմի Ռեյը երկուստեք ընդգծեցին, որ hայ-շվեյցարական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, և որ երկու երկրների միջև մշտապես առկա են եղել աշխարհագրական և պատմական ընդհանրություններ և այսօր կողմերը կարող են գոհունակությամբ արձանագրել, որ երկու երկրների միջև վերջին տարիներին հաստատվել են բարձր մակարդակի հարաբերություններ, սերտ քաղաքական երկխոսություն, իսկ Երևանում դեսպանության հիմնադրումը կնպաստի երկու երկրների բարեկամության առավել խորացմանը:

Զրուցակիցները, կարևորելով երկու ԱԳՆ-երի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ, քննարկել են նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Կալմի Ռեյն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին և զարգացումներին, մասնավորապես արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլին` նշելով որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ միջոցներով: Այս կապակցությամբ Միշլին Կալմի Ռեյն ընդգծել է, որ Շվեյցարիան շատ ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքերով` Շվեյցարիան աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող քայլերին:
Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Շվեյցարիայի կողմից ձեռնարկած միջնորդական ջանքերի համար:

No comments: