Friday, April 15, 2011

ԲԱՔՎԻ «ՓԱԿ ԴՌՆԵՐԻՑ» ԱՅՆ ԿՈՂՄ ԼՍԵԼԻ ՉԵ՞Ն ԵՂԵԼ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԹՌԻՉՔԻ ՁԱՅՆԵՐԸ

«ԱԶԳ», 15-04-2011- Երեկ պարզ դարձավ վերջապես, թե ինչու ճիշտ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գտնվելու ժամանակ այնտեղ էր ժամանել անձամբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Երբ Բաքվում համանախագահներին ընդունում էր Իլհամ Ալիեւը, Սաֆար Աբիեւի անձնական վերահսկողությամբ ադրբեջանական ռազմաօդային ուժերի ավելի քան մեկ տասնյակ ռմբակոծիչներ եւ ուղղաթիռներ զորավարժություն էին անցկացնում, «Թրենդ»-ից մեջբերմամբ, «ճակատամերձ գոտում»: Զորավարժությունների անցկացման փաստը գործակալությանը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն` հաստատելով նաեւ, որ «դրանց անձամբ հետեւում է նախարար Սաֆար Աբիեւը»: «Թրենդը» նաեւ տեղեկացնում է, որ Աբիեւը այցելել է «ճակատամերձ գոտու զորամասեր եւ ծանոթացել դրանց մարտական պատրաստությանը»: Զորավարժություններին մասնակցած կործանիչների եւ ուղղաթիռների ճշգրիտ թիվն արդեն հրապարակում է ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց` «կիսապետական» 1news.az-ը: Ըստ այդմ` վարժական թռիչքներին մասնակցել են 6-7 կործանիչներ եւ 8-10 ռազմական ուղղաթիռներ:
Ինչպես վերը նշեցինք` ճիշտ նույն ժամանակահատվածում Բաքվի նախագահական նստավայրում Իլհամ Ալիեւը հանդիպում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնց տարածաշրջանային այս այցի վերջին կանգառը հենց Ադրբեջանի մայրաքաղաքն էր: Ինչպես նախորդ համարներում տեղեկացրել ենք` համանախագահները սկզբում եղան Երեւանում, այնուհետեւ Ստեփանակերտում, հետո, «հակառակ Ադրբեջանի կամքի», հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը` Արցախից մտան Ադրբեջան: Մինչդեռ գաղտնիք չէ, որ Բաքուն բազմիցս է հայտնել իր դժգոհությունը, որ «արտասահմանյան քաղաքացիները պետք է Ղարաբաղ այցելեն Ադրբեջանից»: Ինչեւէ, «փակ դռներից» այն կողմ` Պոպովը, Ֆասիեն եւ Բրադկեն Իլհամ Ալիեւի հետ, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդած տեղեկությունների համաձայն, «մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակի եւ հեռանկարների վերաբերյալ»: Հակամարտության կարգավորման խոսակցության «հեռանկաների», ինչպես նաեւ շփման գոտում տեսածի մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները թերեւս նոր ու հերթական հայտարարություն անեն ավելի ուշ, հուսանք` «իրերն իրենց անուններով կոչելու» համարձակությամբ:

Ի դեպ, Աղդամի Օրտա Գարվանդ գյուղի բնակիչ 9-ամյա Ֆարիզ Բադալովի մահվան հետ կապված հատկանշական է համանախագահներից ֆրանսիացի Բեռնար Ֆասիեի հայտնած ցավակցության բառապաշարը: Դիվանագետը երեխայի հարազատներին հայտնել է իր ցավակցությունը «սպանության» առումով, սակայն չի նշել «սպանության մեղավորին»: Այս հանգամանքը տարակուսանք է առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում. Vesti.az-ը նույնիսկ գրում է` «Մի՞թե համանախագահները դեռ կասկածում են, որ Ֆարիզը սպանվել է հայ դիպուկահարի դավադիր կրակից»: Փաստորեն` համանախագահները կասկածում են նույնիսկ այն բանից հետո, երբ Բադալովի մահվան հետ կապված նրանց «փաստացի ապացույցներ» է հանձնել Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական բաժնի պետ Նազիմ Աբբասովը:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: