Friday, April 15, 2011

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ, որով ամփոփել են ապրիլի 11-ից 14-ը տարածաշրջան կատարած իրենց այցը:
Համանախագահները նշում են, որ տարածաշրջանային այցի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ»:
«Հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ միջնորդները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերմանն ուղղված հաջորդ քայլերը։ Համանախագահների խորին համոզմամբ՝ ժամանակն է հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնել և հաստատել և առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի նախագիծ մշակելու ուղղությամբ», ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:

Դրանում ասվում է, որ հիմք ընդունելով մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը՝ միջնորդները նույնպես կողմերին ներկայացրին հակամարտության կողմերի ճակատամերձ գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի նախագիծ։

Համանախագահները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել աշխատանքը կողմերի հետ, որպեսզի սկսվի հնարավորինս արագ բաց և թափանցիկ հետաքննության անցկացման գործընթաց, որի նպատակը կլինի վստահության ամրապնդումը, սխալներից խուսափելը և կյանքեր փրկելը։

ԵԱՀԿ միջնորդներն անհագստությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում առաջիկայում նախատեսված օդանավակայանի բացման առնչությամբ: Նրանք նշում են, որ դա կարող է հանգեցնել կողմերի միջև լարվածության մեծացմանը։

«Համանախագահները նախազգուշացրել են, որ դեպի այդ օդանավակայան և օդանավակայանից թռիչքները չեն կարող փաստարկվել որպես միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի փոփոխությանն ուղղված պահանջ։ Համանախագահները հորդորել են կողմերին փոխըմբռնման հասնել՝ հետևելով միջազգային համաձայնագրերին և կոնվենցիաներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքների վրայով թռիչքների իրականացման ներկա վիճակին», ասված է հայտարարությունում։

Համանախագահները ողջունել են կողմերի հավաստիացումն այն մասին, որ քաղաքացիական օդանավերի ուղղությամբ որևէ սպառնալիք չի լինի և խնդիրը կլուծվի դիվանագիտական ճանապարհով՝ առանց այն քաղաքականացնելու:

«Ապրիլի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մեկնել Վաշինգտոն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու համար», ասված է հայտարարությունում։

No comments: