Tuesday, June 14, 2011

Կոնգրեսը պետք է բացահայտի

«Լրագիր» 13-6-2011-Կազանում տեղի ունենալիք Հայ-ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումից առաջ բավական հետաքրքիր է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի այցը Մոսկվա:
Արդյոք այդ այցը, որ արդեն տեղի է ունեցել, կապված է Կազանում տեղի ունենալիք հանդիպման հետ: Այսինքն, արդյոք Ռուսաստանը, որ փորձում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի Հիմնական սկզբունքների ստորագրում գլուխ բերել, փորձում է հանդիպումից առաջ հստակեցնել Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը: Արդյոք ռուսները փորձում էին պարզել Հիմնական սկզբունքների ստորագրման հարցում Կոնգրեսի պատրաստակամությունը` աջակցել ստորագրող Սերժ Սարգսյանին:

Թե որն է Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, թերեւս այդքան էլ պարզ չէ: Պարզ է, թե որն է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը: Բայց արդյոք Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը նաեւ Կոնգրեսի դիրքորոշումն է: Երեւի թե այո, եթե նույնիսկ Կոնգրեսում լինեն ուժեր, որոնք այլ դիրքորոշում ունեն: Բանն այն է, որ Կոնգրեսում որեւէ հարցի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումից այլ դիրքորոշում արտահայտողները շատ արագ հայտնվում են հենց Կոնգրեսի իսկ ակտիվի ակտիվ քննադատության ներքո:

Բայց, արդյոք Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը բավարար է, որպեսզի Սերժ Սարգսյանը Հիմնական սկզբունքները ստորագրելիս Հայաստանում չունենա որեւէ այլ խնդիր: Հազիվ թե: Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսն անշուշտ ունեն զգալի հասարակական աջակցություն, գուցե ամենամեծ հասարակական հենարան ունեցող գործիչն ու ուժն է Տեր-Պետրոսյանը: Այդ առումով իհարկե կլինեն տարբեր կարծիքներ, շատերը կվիճարկեն այդօրինակ պնդումները: Բայց, տվյալ պարագայում էականը թերեւս դա չէ` թե արդյոք ամենամեծ հեղինակություն եւ ազդեցություն ունեցողը Տեր-Պետրոսյանն է, թե ասենք կան նրանից ավելի հեղինակություն եւ ազդեցություն ու հասարակական պահանջարկ վայելող գործիչներ եւ ուժեր:

Էականն այստեղ այն է, որ Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսը դեռ ամենեւին էլ ամբողջ հասարակությունը, ու նույնիսկ հասարակության կեսն էլ չեն: Ղարաբաղի հարցում Հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրման դեպքում ինչքան որ հավանական է, որ Տեր-Պետրոսյանը կուժեղացնի այդ բանն անող Սերժ Սարգսյանին, թերեւս նույնքան էլ հավանական է, որ Տեր-Պետրոսյանը պարզապես կթուլանա դա անող Սերժ Սարգսյանի հետ մեկտեղ եւ կկրի նրա արածի պատասխանատվությունը:

Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի հասարակության ամբողջական մոտեցման պատկեր գոյություն չունի, հստակ չէ: Բայց այդ պատկերը կարող է հստականալ, երբ իրավիճակը դառնա առարկայորեն սահմանային եւ դրվի կամ ստորագրության կոնկրետ հարց, կամ լինի արդեն ստորագրության փաստ: Այդ դեպքում շատ դժվար է ասել, թե ինչ գործընթացեր կարող են լինել հասարակության մեջ: Ընդ որում, խոսքը քանակական գործընթացների մասին չէ, այլ որակական: Միշտ չէ, որ քանակն է բերում որակի: Պատահում է նաեւ, հատկապես ճակատագրական պահերին, որ որակն է բերում քանակի: Ավելին, որակ բերող քանակը շատ ավելի թույլ է, քան որակի բերած քանակը:

Այդ պնդումներն իհարկե չեն կարող միարժեք լինել, բայց որեւէ սկզբունք ստորագրողը, կամ ստորագրության հասնելու ակնկալիք ունեցող գերտերությունները, երեւի թե ճիշտ կանեն Հայաստանի, ու նաեւ Ղարաբաղի հասարակական խորապատկերի բավական մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնեն, մինչ որեւէ ներքաղաքական ստատուս-քվոյի վրա Ղարաբաղի հակամարտության կարգավորման սցենարներ կազմելը:

Անկախության տարիների ընթացքում Հայաստանի հասարակությունն իհարկե հասցրել է բավականին դեգրադացվել, հատկապես սեփական հաղթանակի արժեքի գիտակցման եւ սեփական երկրի ռազմավարական շահի պատկերացման ու ընկալման տեսանկյունից: Այդ գործում իհարկե զգալի դեր են ունեցել Հայաստանի անկախությանն ուղեկցած կառավարող բոլոր էլիտաները, մեկը մյուսին գերազանցելով: Բայց հենց միայն այն, որ Հիմնական սկզբունքները ստորագրող կառավարող էլիտաների համար միջնորդները միշտ էլ փորձում են թիկունք ապահովել, հուշում է, որ Հայաստանում հասարակական դիմադրունակության ռեսուրսը դեռ սպառված չէ, եւ դեգրադացիան հասել ու անցել է ուղին, բայց դեռ չի հասել ծուծ:

Սակայն, դժվար է նաեւ միարժեք պնդել, որ Կոնգրեսի համակարգողը Մոսկվա էր գնացել Ղարաբաղի հակամարտության կարգավորման սեղանին դրված տարբերակի հանդեպ ընդդիմության լոյալությունը հայտնելու համար: Ի վերջո, Կոնգրեսը կարող էր նաեւ հայտնել իր անհամաձայնությունը եւ Մոսկվային ասել, թեկուզ դա շատ շրջանակներում համարվի հիպոթետիկ, շատ տեսական վարկած, որ չի աջակցի Սերժ Սարգսյանի ստորագրությանը, անգամ եթե նա ստորագրի ու հեռանա` ասպարեզը զիջելով ասենք Տեր-Պետրոսյանին:

Բայց, այդ դեպքում Կոնգրեսին հարկ է թերեւս գերտերությունների հետ քաղաքականությամբ զբաղված լինելով, մեկ մեկ էլ հասարակության հետ լինել անկեղծ ու արտահայտվել, թե ինչն է այդ զբաղվածության օրակարգի առանցքը: Կամ, կարելի է գուցե այդ առանցքն ամբողջությամբ չբացահայտել, բայց այն, որ դրանում Ղարաբաղի խնդրի առկայության բաղադրիչն ու առաջնահերթությունն ունի բացահայտման եւ հասարակությանը հստակ ներկայացվելու կարիք, թերեւս աներկբա է:

Կոնգրեսը պետք է հանրությանն ազնվորեն եւ անկեղծորեն տեղեկացնի, թե օրակարգում կա՞ արդյոք Ղարաբաղի խնդիր, ինչ բովանդակությամբ է այդ խնդիրը եւ ինչ օրակարգային առաջնահերթությամբ: Ավելի կոնկրետ, եւ գուցե մի քիչ կոպիտ ձեւակերպմամբ եթե ասեմ, ապա, ավելի ու ավելի աճող մտահոգությունների, քննադատության եւ նույնիսկ մեղադրանքների ֆոնին, պետք է հստակ ասի, թե արդյոք կհանդուրժի Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի փոփոխության որեւէ ֆիզիկական կամ փաստաթղթային դրսեւորում, առնվազն մինչեւ Հայաստանում Սահմանադրական կարգի, ժողովրդի իշխանության լիարժեք հաստատումը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: