Monday, June 6, 2011

Ով էր Տիկին Յովանովիչը

«Լրագիր» 6-6-2011- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մեր երկրում աշխատեց բավական շրջադարձային մի ժամանակաշրջանում: Երբ նա 2008 թվականին նշանակվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան, շատերն էին համարում, որ նա, Հայաստան գալով Կիրգիզիայից, որտեղ եղել էր ԱՄՆ դեսպան այն ժամանակաշրջանում, երբ Ակաեւին այսպես ասած գունավոր հեղափոխությամբ փոխարինեց Բակիեւը, իր հետ բերելու է նաեւ գունավոր հեղափոխություն:
Այդ կարծիքի համար հատկապես պարարտ հող էր ստեղծում այն հանգամանքը, որ Մարի Յովանովիչը դեսպան նշանակվեց մի երկրում, որը գտնվում էր հետընտրական լրջագույն, գրեթե աննախադեպ ճգնաժամի մեջ, որի իշխանությունը գտնվում էր ոչ լեգիտիմության աննախադեպ մի փուլում, եւ թվում էր, որ ընդամենը մի փոքր կայծը Հայաստանում կարող է հրդեհել ամբողջ իշխանությանը:

Բայց անցնում էր ժամանակը, իսկ այսպես ասած կիրգիզական փորձի «ներդրումը» Հայաստանում ուշանում էր: Ավելին, Կիրգիզիայում նույնիսկ «կրկին փորձեցին»` ոչ Կոկա-Կոլա իհարկե, այլ իշխանափոխություն, իսկ Հայաստանում դեռ «առաջին կիրգիզականին» էին սպասում: Բայց ԱՄՆ ոչ միայն չէր շտապում, այլ նույնիսկ հայտարարում էր, որ աջակցում է նախագահ Սերժ Սարգսյանին:

Բայց այժմ, երբ փորձում ենք տեսնել, թե ինչպես եւ երբ եկավ Մարի Յովանովիչը` Հայաստանում ԱՄՆ հերթական դեսպանը, ու ինչպես եւ երբ է նա հեռանում, ապա տեսնում ենք, որ անցյալ երեք տարում Հայաստանում իսկապես հեղափոխականության պես մի բան է տեղի ունեցել, որն իր ընթացքի մեջ եղել է թերեւս աննկատելի, բայց մի ծայրից մյուսին նայելիս դառնում է ակնառու:

ԱՄՆ դեսպանը Հայաստան եկավ աննախադեպ լարվածության եւ ճգնաժամի ժամանակահատվածում, իսկ Հայաստանից հեռանում է աննախադեպ հանդուրժողության եւ երկխոսության ժամանակաշրջանում: Խնդիրը տվյալ դեպքում երկխոսությունը գնահատելը չէ, ընդդիմությանը կամ իշխանությանը գործարքի համար մեղադրելը կամ հեգնելը չէ: Դա առանձին խոսակցությունների նյութ է: Տվյալ պարագայում ուշագրավ է Յովանովիչի ժամանման եւ մեկնման իրավիճակների շրջադարձային, եւ հենց այդ առումով էլ հեղափոխական կոնտրաստը:

Կան հասարակություններ, որոնք ուզում են, բայց չեն կարողանում փոխվել: Կան հասարակություններ, որոնք կարող են, բայց չեն ուզում փոխվել: Կան հասարակություններ էլ, որոնք թե կարող են, թե ուզում են, բայց ալարում են փոխվել: Եվ կան նաեւ դեպքեր, երբ չեն կարողանում հասարակություն դառնալ, որ փոխվեն:

Անցած երեք տարիների ամերիկյան քաղաքականությունը Հայաստանում կարծես թե ընդգծված փորձում էր մեր իսկ համար ախտորոշել հենց այդ պրոբլեմը` մենք չենք փոխվի, քանի դեռ չենք դարձել հասարակություն: Ու այդ իմաստով Հայաստանում, ասենք Մարի Յովանովիչի միջոցով ոչ թե Կիրգիզիայի փորձը, այլ թերեւս Կիրգիզիայի դասը կիրառվեց: Իսկ ընթացիկ տարվա փետրվարի 28-ին Երեւանի պետհամալսարանում Մարի Յովանովիչի հայտնի ելույթը քաղաքացիական հասարակության վերաբերյալ թերեւս այդ ամենը հաստատող բավական շոշափելի վկայություն էր:

Հասարակություն ունենալու համար Հայաստանին թերեւ էլիտա է պետք, պետք են գաղափարական մոտեցումներ, որոնցից բոլորի հիմքում նախ եւ առաջ պետք է լինի օրենքի եւ իրավունքի փոխկապակցված գիտակցումը: Անցած երեք տարիների ընթացքում ԱՄՆ ակնհայտ ինտենսիվությամբ էր աշխատում հայաստանյան էլիտայի տարբեր ներկայացուցիչների հետ, քաղաքական դաշտի լայն սպեկտրով: Մարի Յովանովիչը կարծես թե ընդհուպ Հայաստանից հեռանալը բավական ինտենսիվ հանդիպումներ է ունենում քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչների հետ:

Հաջորդ դեսպանով, ԱՄՆ ըստ երեւույթին Հայաստանում արդեն ձեռնամուխ է լինելու անմիջականորեն էլիտայի ձեւավորման գործընթացի աշխատանքային փուլին: Մարի Յովանովիչը կարծես թե վարեց եւ եզրափակում է խորհրդատվական փուլը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: