Tuesday, July 5, 2011

Հայաստանը եւ “Նոր Սփյուռքը”

«Լրագիր» 5-7-2011- Հայկական իրականության հետխորհրդային ժամանակաշրջանի առավել էական, բայց եւ քիչ ուսումնասիրված երեւույթներից մեկն է այսպես կորչած “նոր” հայկական սփյուռքի կայացումը, այդ թվում նաև քաղաքական: Դրա բնորոշումը իբրեւ “նոր” բացատրվում է ոչ միայն այդ խմբի ի հայտ գալու ժամանակագրական շրջանակներով` անցյալ դարի 80-ական թթ., այլ նաև դրա նոր որակով:
Սկզբում նշենք “նոր” եւ “հին” հայկական սփյուռքի նմանություններն ու տարբերությունները: Ինչպես և XX դարի սկզբին, հայոց ելիցի առաջին ու գլխավոր պատճառ է հանդիսացել է “տիտղոսային” պետության ցեղասպանական քաղաքականությունը: Հարյուր տարի առաջ դա Օսմանյան Թուրքիան էր, իսկ XX դարի վերջին` Խորհրդային Ադրբեջանը: Ինչպես և դար առաջ, հայերի ֆիզիկական բնաջնջման քաղաքականությունը ուղղորդվում է նախահարձակ պետության տնտեսական, գաղափարական, մշակութա-պատմաբանական և հոգեբանական ահաբեկչությամբ: Ճիշտ այնպես, ինչպես Թուրքիայի կիրառված պետական ահաբեկչությունն ու ցեղասպանությունը նպաստել էին Հայոց առաջին հանրապետության ոչնչացմանը, այդպես էլ մեկ դար անց Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը ուղղված է Երրորդ հանրապետության տնտեսական, ճանապարհային շրջափակմանն ու ի վերջո`հայոց պետականության բնաջնջմանը: Միաժամանակ, Հայաստանում քաղաքացիական հասարակության թուլությունն ու ժողովրդավարական համակարգի թերզարգացվածությունը բերել են երկրում ավտորիտար մենաշնորհային բռնատիրության հաստատմանը, որը անկարող է դիմակայել նշված մարտահրավերներին ո’չ արդյունավետ տնտեսությամբ, ո’չ խոհեմ դիվանագիտությամբ, ո’չ էլ միավորող գաղափարներով: Արդյունքում, ինչպես և մեկ դար առաջ, ազգային սոցիալ-տնտեսական ու արժեքային ճգնաժամից խուսափելու հիմանական միջոց է դարձել բնակչության զանգվածային արտագաղթը: Սույն ելիցի առաջին ալիքն է եղել 1988-1991 թթ. հայերի փախուստը Բաքվից, Սումգայիթից, Գանջայից ու Ադրբեջանի այլ բնակավայրերից, որտեղ հայերը ենթարկվում էին իսկական մարդորսի: Նրանցից առնվազն կեսը տեղափոխվել էր Հայաստան, որտեղ սակայն, երկրաշարժի, շրջափակման, ԽՍՀՄ կազմալուծման և Արցախում սկսվող պատերազմի, ինչպես նաև տեղական իշխանության քաղաքական կամքի ու պետական մտածողության պատճառներով նրանց մեծամասնությունը չկարողացան հարմարվել և տեղ գտնել պատմական Հայրենիքում: Հազիվ թե ադրբեջանահայության ընդհանուր թվի 10 % այսօր մնացած լինի Հայաստանում: Հիմնականում այդ քաղաքաբնակ և որպես կանոն բարձրորակ մասնագետներ հանդիսացող քաղաքացիները մեկնել են Ռուսաստան, Ուկրաինա, Արևմտյան Եվրոպա եւ ԱՄՆ:

Հետաքրքիր է, որ շուտով նրանց հետքերով գաղթած բուն Հայաստանի բնակիչները հաճախ բացատրում էին սեփական որոշումը համարյա նույն պատճառներով, որտեղ գլխավորը ոչ այնքան տնտեսական խնդիրներն էին, այլ նոր և թշնամական իրողության հետ անհաշտությունը, առաջընթացի ու “սոցիալական վերելակի” այսինքն`առաջխաղացման բացակայությունը, բյուրոկրատական կոռուպցիան, բանակում միջանձնական բռնությունը, երեխաներին պատշաճ կրթություն տալու անհնարինությունը: Այսինքն, բոլոր այն հիմնախնդիրները, որոնք բնորոշում են պետության կառավարման համակարգային ճգնաժամը: Բայց եթե XX դարասկզբին Ցեղասպանությանը հետևած արտագաղթն ու Սփյուռքի գոյացումը ուղղորդվում էր ազգային պետության փլուզմամբ ու ԽՍՀՄ ստեղծմամբ, ապա XXI դարասկզբին հենց ԽՍՀՄ կործանումն ու ազգային պետության ստեղծումն էին ուղղորդվում հայերի զանգվածային արտագաղթով, որի թվերն արդեն համեմատելի են Ցեղասպանության թվերի հետ: Այս հանգամանքները բերեցին նրան, որ և եկեղեցին, և ավանդական քաղաքական կուսակցությունները, որոնք անցյալ դարում իրենց վրա էին վերցրել հին սփյուռքի արտերկրում միավորման “քվազի-պետական” դերակատարությունը , ապա այսօր, հայ ազգային պետության տեսական առկայության դեպքում, նրանք անպատրաստ եղան, հատկապես վերջին 20 տարիների ընթացքում առաջացած հայ նոր սփյուռքի համար:

Զարմանալիորեն, ցանցային այդ համակարգը, որը հարաբերական հաջողությամբ դիմակայում էր XX դարի ճնշումներին անբարենպաստ պայմաններում, անպատրաստ եղավ XXI դարի նոր իրականության մարտահրավերներն ընդունելու: Այժմ գլխավոր դժվարությունն է ոչ միայն գլոբալացվող աշխարհում ազգային ինքնության պահպանումը, այլ նորածին ազգային պետության հետ հին ու փխրուն պատրանքների ու առասպելների համատեղումը, քանզի դրանք տասնամյակներ շարունակ կազմում էին հին սփյուռքի ուղն ու ծուծը, մինչդեռ Հայաստանի իրականությունը ամեն քայլափոխի չարաճճի մանչի անշնորհքությամբ ջարդում էր այդ պատրանքները: Ավելին` ավանդական քաղաքական կուսակցությունները, որոնք խարսխված են XIX դարի ռուսաստանյան սոցիալ-դեմոկրատիայում, ոչինչ չկարողացան հակադրել հին գաղափարների սուր ճգնաժամին, երբ ճշմարտության պահն եկավ ոչ թե “արտաքին թշնամուն” դիմակայելու, այլ վերացական հայրենասիրության ու իրական ժողովրդավար մարդասիրության միջև ընտրություն կատարելու համար, այն էլ սեփական երկար սպասված պետության հետ հարաբերություններում, որն ի ծնե հանդես բերեց սովետական բռնատիրության իր ողջ չարորակ ժառանգականությունը: Չգտնելով ճիշտ բարոյական ուղեցույց արագ փոփոխվող իրողության մեջ, “հին” կուսակցությունները փակվեցին կամ “գետտոյական” մտածողության դոգմատիկ շրջանակներում, կամ էլ շտապեցին միանալ այս թե այն “նոր” տեղական ուժին, որը գաղափարախոսության բացակայությունը լրացնում էր իշխանության լծակներով և կեղեքված փողերով: Զուգահեռաբար, հասարակությանը մատուցվեց ազատականության ու ազգայնականության հակասությունների մասին արհեստածին ու անպտուղ մի բանավեճ: Ինչ վերաբերվում է եկեղեցուն, ապա այն, հակառակը` հրաժարվեց իրեն բնորոշ ավանդապաշտությունից ու աշխարհիկ գայթակղություններին տրվելով շտապեց իշխանության հետ գործարքներ կնքել ներքին ու արտաքին քաղաքական եզրերով, ինչպես, ասենք, մարտիմեկյան ջարդի փաստացի արդարացումը կամ հայ-թուրքական արձանագրությունների օրհնումը:

Այսպիսի պայմաններում էր ձևավորվում այս ոչ միանշանակ նոր սփյուրքը, դեռևս չբնորոշված ու չիմաստավորված, սակայն եզակի` իր բնույթով, բովանդակությամբ, կրթական մակարդակով ու մտավոր ներուժով: Նոր սփյուռքի հիմնական կորիզը հանդիսանում է Հայաստանից վերջին 20 տարիների ընթացքում “արտահանվող” միջին խավը. փակված գործարանների ու կողոպտված լաբորատորիաների ինժեներները, քանդված ռազմա-արդյունաբերական համալիրի եզակի մասնագետները, լքված գիտահետազոտական ինստիտուտների գիտնականները: Մտավոր արտագաղթը, որն, օրինակ, Իսրայելի տեխնիկական հզորացման հիմքն էր հանդիսացել, Հայաստանից դուրս շպրտվեց “ավելորդության” պատճառով: Բնականաբար, նոր սփյուռքը արագ և բավական արդյունավետ սկսեց ինտեգրվել նոր երկրներում: Նույնքան բնական կերպով այն սկսեց շուտով ինքնակազմակերպվել, ըստ որում, ցավոք, առանց “հին սփյուռքի” օգնության, որը խանդով ու տհաճությամբ էր վերաբերվում նորեկներին: Մինչդեռ այդ նորեկները արագորեն օգտագործեցին հիմնավոր խորհրդային կրթությունն ու սեփական եզակի փորձը տպավորիչ հաջողություններին հասնելու համար ու տեղավորվելով ամենուրեք`ամերիկյան համակարգչային ու վերլուծական կենտրոններից մինչև ռուսական բորսաներ ու խոշոր ընկերություններ: Այսպիսով, սփյուռքի նոր ալիքը սեփական ձերքբերումներով պարտական եղավ միայն ինքն իրեն, պահպանելով մտավոր ու ֆինանսական անկախությունը հին սփյուռքի կուսակցական և այլ կազմակերպություններից:

Միաժամանակ, նոր սփյուռքը պահպանել է նաև անմիջական ու խիստ վերաբերմունքը Մայր Հայաստանում կատարվող իրադարձությունների հանդեպ: Պատճառներից մեկը և բավական օրինականը` իրենց կողմից երկրում մնացած մերձավորներին ուղարկվող ֆինանսական խոշոր փոխանցումների երևույթն է: Այդ փոխանցումները, որոնք երբեմն գերազանցում են պետության պաշտոնական բյուջեն, դառնում են այս նոր սփյուռքի ոչ միայն յուրատեսակ ազդեցության միջոց, այլ նաև վերածվում են ներքաղաքական կյանքում մասնակցության` ընդուպ մինչև որոշումների ընդունման իրավունքի, որքան էլ դրան ընդդիմանան իշխանությունները: Նման մասնակցության լծակ են հանդիսանում սփյուռքում բազմացող միավորումները, հայրենակցական և այլ ակումբները, բայց նախ և առաջ` լրատվական ու վերլուծական կենտրոնները: Ու թեև դրանք հաճախ կերտվում են տեղական հատուկ ծառայությունների կամ հայկական դեսպանատների միջամտությամբ ու ինչ որ մեծահարուստի գումարներով, նրա սեփական կարիքների համար ու իրական ազգային աշխատանքի իմիտացիայի նպատակով, այնուամենայնիվ գոյություն ունեն նոր հայկական սփյուռքի մտավոր ու կազմակերպչական համակարգի փայլուն օրինակներ, որոնք արդյունավետությամբ ու որակով գերազանցում են պաշտոնական մարմինների, հին կուսակցական կամ նոր օլիգարխիկ ամպագոռգոռ միությունների բոլոր ջանքերը:

Պետք է քաջ գիտակցել, որ հայոց սփյուռքի իրական ներուժը մեզնից էլ լավ են պատկերացնում աշխարհի բոլոր հատուկ ծառայությունները, որոնք չեն մոռացել հայկական գործոնը ոչ Թեհրանում “մեծ եռյակի” փրկության գործում, ոչ սովետական միջուկային զենքի ստեղծման համար ստացած տվյալների, ոչ էլ Կարիբյան ճգնաժամի խաղաղեցման մեջ: Ուստի հատկապես թանկ է նոր սփյուռքում երիտասարդ հայրենասերների առկայությունը, ովքեր մասնակցել էին Արցախյան պատերազմին և քաղաքացիական շարժմանը, ովքեր հեռացել են սեփական շնորքն օգտագործելու անհնարինության պատճառով, սակայն ովքեր պատրաստ են առաջին իսկ առիթով օգնել Հայրենիքում ազատության, ժողովրդավարության ու անկախության հաստատմանը: Նման օրինակներ կան և Ռուսաստանում, և Արեւմտյան Եվրոպայում, և ԱՄՆ-ում:

Ուշագրավ է Արևմտյան Հայաստանի կառավարության ստեղծման նախաձեռնությունը, որը իրականացնում են Ֆրանսիայի հայ համայնքում: Լուրջ աշխատանք է տարվում Գերմանիայում` Եվրոպայի Հայկական համագումարի շրջանակներում: Թերեւս ամենատպավորիչն է հայ երիտասարդ մասնագետների խումբը, որոնք միավորվել են Հայոց Քաղաքական ֆորում կազմակերպությունում (Policy Forum Armenia), Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ: Նա ֆինանսական ռազմավարության խոշոր մասնագետ է, Արցախյան պատերազմի տարիներին Սյունիքի ինքնապաշտպանության մասնակից, իսկ այժմ` Միջազգային Արժութային Հիմնադրամի պատասխանատու աշխատակից: Բազմաթիվ վարձու և տարբեր դեսպանատների ու հատուկ ծառայությունների կողմից “ընտելացված” կազմակերպությունների ֆոնի վրա, Հայոց քաղաքական ֆորւմը ցուցադրաբար անկախ է և’ ֆինանսապես /գործում է մասնակիցների հանգանակություններով/ և’ մտավոր առումով:

Վերջերս տպագրված նյութերը, հատկապես “Հայաստան-Սփյուռք` 20 տարի անկախությունից հետո” (Armenia-Diaspora Relations: 20 Years Since Independence, www.pf-armenia.org) հանդիսանում են այս նոր իրողության պատմության ու վերլուծության լրջագույն շտեմարանը: Հենց այդ երիտասարդ մասնագետների մտավոր անկախությունն ու բացարձակ որակը, բազմապատկված նրանց հայրենասիրությամբ ու անկեղծությունով, առաջացնում են նրանց նկատմամբ վստահություն ոչ միայն քաղաքական վերնախավում, այլ նաև ԱՄՆ ու Եվրոպայի ամենաազդեցիկ փորձագիտական շրջանակներում: Նոր սփյուռքի մտավոր առաջնորդների խիստ քննադատական վերաբերմունքը Հայաստանում իշխող համակարգի հանդեպ հիմնված է նրանց մասնագիտական վերլուծությունների համոզիչ արդյունքների ու նրանց ներքին համոզվածության վրա, որոնք ապացուցում են կտրուկ սոցիալ-քաղաքական համակարգափոխության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը` միակ ելքը երրորդ Հանրապետության համապարփակ ճգնաժամից:

Իրական հայրենասիրությունը խստապահանջ ու անզիջում է, իսկական սիրո նման: Անկախ ազգային վերլուծական համակարգերի գոյացումը աշխարհի քաղաքական կենտրոններում վստահություն ու հավատ է ներշնչում Հայաստանի ապագա իրական ու մասնագիտական վերնախավի կայացման հանդեպ: Այդ օջախները առաջանում են այնտեղ, ուր այդ նոր վերնախավը դուրս էր մղվել վերջին 20 տարիների ընթացքում, սակայն փորձ է հավաքել ու կոփվել է աշխարհի լավագույն կրթական ու մասնագիտական կենտրոններում, որպեսզի վերադառնա ու ծառայի Հայրենիքին` արմատական համակարգափոխության օրերին: Այդ օրերը մոտենում են:

Արա Վարդանյան

No comments: