Tuesday, July 5, 2011

Վրաստանի պատրիարքը դեմ է կրոնական համայնքներին իրավական կարգավիճակ տալուն

News.am. 5-7-2011- Վրաց պատրիարք Իլյա 2-րդը դեմ է օրինագծին, որով նախատեսվում է իրավական կարգավիճակ տալ երկրում գործող մի քանի կրոնական միավորումներին:
Վրաց պատրիարքարանը տարածել է Իլյա 2-րդի հաղորդագրությունը, որում նշվում է, թե խորհրդարանում հուլիսի 1-ին ընդունվել է տվյալ օրինագիծն առաջին ընթերցմամբ:
Իլյա 2-րդը նշել է, թե անհրաժեշտ է խորհրդարանում դադարեցնել օրենքի ընդունումը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ: Նրա խոսքով, տվյալ հարցով անհրաժեշտ է հրապարակային քննարկումներ անցկացնել, թեկուզ հեռուստաեթերում, «որպեսզի ընդհանուր հանրային կարծիք ձեւավորվի Ուղղափառ եկեղեցու հետ փոխհամաձայնության մթնոլորտում, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը ուղղափառներ են»,- ասված հայտարարության մեջ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում, ըստ որի հինգ կրոնական միավորման շնորհվում է իրավաբանական անձի կարգավիճակ:
Իրավաբանական անձի կարգավիճակ է տրվում Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մահմեդական եւ հրեական համայնքներին, Բապտիստական եկեղեցուն:

Իրավաբանական անձի կարգավիճակը կազմակերպությանը թույլ է տալիս իրականացնել քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային եւ հանրային այլ գործունեություն` անկախ պետական վերահսկողությունից:

Երկրորդ եւ եզրափակիչ ընթերցումը նախատեսված է հուլիսի 6-ին:

No comments: