Wednesday, August 10, 2011

Հարցում. Թուրքիան դառնում է կրոնական եւ անհանդուրժող

News.am. 10-8-2011- «Արժեքների համաշխարհային հետազոտություն – 2011»-ի աջակցությամբ Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի ներկայացուցիչ Յըլմազ Էսմերն անցկացրել է հարցում, որը ցույց է տալիս թուրքական հասարակության կարեւոր փոփոխություններն ու միտումները: Այդ մասին գրում է «The Southeast European Times» պարբերականը:
Հարցումը ցույց է տալիս, որ 10-ից 6-ը հավատում են գիտության փոխարեն կրոնին ավելի մեծ տեղ տալու անհրաժեշտությանը: 61%-ը կարծում է, որ լողազգեստ հագնելը մեղք է, իսկ 44%-ը պնդում է, որ Ռամադանի պահքի ժամանակ ռեստորանները պետք է փակվեն:
Որոշ փորձագետներ կարծում են, որ կրոնականությունը սերտ կապված է իշխող իսլամիստական Արդարություն եւ զարգացում կուսակցության հետ:
«Taraf» թերթի լրագրող Սեզին Օնեյը «SETimes»-ին պատմում է, որ պահպանողականությունն ավելի լայն սոցիալական եւ քաղաքական մասշտաբներ ունի Թուրքիայում, եւ դրանք դուրս են գալիս կրոնի շրջանակից: Նրա խոսքով, ազգայնամոլությունը, այլատյացությունը, բազմազանության նկատմամբ անհանդուրժողականությունը որոշիչ դեր են խաղում:
«Այսօր ԱԶԿ-ն ունի աննախադեպ քաղաքական մեծամասնություն, եւ Թուրքիան ունի սոցիալ-քաղաքական մշակույթ, որը պաշտում է իշխանությունը, իսկ ԱԶԿ-ն չափազանց պրագմատիկ է` ամեն հարցի վերաբերյալ ստանդարտ սոցիալական հայացք առաջ տանելու համար», – ասում է լրագրողը:
Սակայն հարեւաններին դիտարկելիս, կարեւոր գործոններ են կրոնական, ռասայական նախապատվություններն ու սեռական կողմորոշումը: Հետազոտությունը ցույց է տվել, որ քաղաքացիների 84%-ը չի ցանկանում միասեռական հարեւան ունենալ, 64%-ը չի ցանկանում ապրել աթեիստի, 54%-ը` հրեայի, իսկ 48%-ը` քրիստոնյայի հարեւանությամբ:
Հարցված կանանց եւ տղամարդկանց 62%-ը պնդել է, որ կանայք պետք է ենթարկվեն տղամարդկանց, իսկ 30%-ը նշել է, որ որոշ կանայք արժանի են ամուսնական բռնության: Քոչ համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ, Փրինստոնի համալսարանի Միջազգային եւ տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Մուրատ Սոմերի խոսքով, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ չնայած սոցիալ-տնտեսական զարգացմանը, թուրքական հասարակությունն ավելի բաց չի դառնում բազմազանությանը, բազմակարծությանն ու հավասարությանը:
«Դրա փոխարեն, մարդիկ դառնում են ավելի կրոնական, պահպանողական, նահապետական եւ բաց բռնության համար», - ասում է Սոմերը:
Զինվորականներն այժմ վայելում են հասարակության 75%-ի աջակցությունը: 1996 թվականին այդ ցուցանիշը 94% էր: Այդ թվի մեջ կան աշխարհագրական տարբերություններ: Արեւմուտքում բանակն ունի 90% աջակցություն, քրդաբնակ արեւելքում` 43%:

No comments: