Monday, August 29, 2011

Նախիջեւանի ազգային անվտանգության նախարարությունում դաժանորեն սպանել են երիտասարդ գյուղացուն` «հայրենադավության» համար

News.am. 29-8-2011- Նախիջեւանում սպանվել է Արազին գյուղի բնակիչ, 31-ամյա Տուրաչ Զեյնալովը` տեղական օդանավակայանի աշխատակիցը, ում կասկածում էին «հայրենիքին դավաճանելու» մեջ, հաղորդում է Contact.az-ը:
Օգոստոսի 24-ին Զեյնալովին կանչել են ինքնավար հանրապետության ազգային անվտանգության նախարարություն եւ նա այնտեղից չի վերադարձել: Օգոստոսի 28-ին, նրա կինը, եղբայրը եւ ծնողները եկել են նախարարություն եւ բացատրություններ պահանջել: Պատասխան չստանալով` Զեյնալովի հարազատները դիմել են տեղացի լրագրողներին եւ իրավապաշտպաններին:
Հանգուցյալի եղբայրը Turan-ի թղթակցին պատմել է, որ ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները հարազատների պահանջներից հետո ցույց են տվել Զեյնալովին «պարկը գլխին»: «Նրան այնքան էին ծեծել, որ նա ի վիճակի չէր ինքնուրույն տեղաշարժվել»,-ասել է եղբայրը:
«Մեզ ասել են, որ նա հայրենիքի դավաճան է եւ աշխատում է Իրանի օգտին: Ես ապացույցներ պահանջեցի եւ ասացի, որ իմ տղան ընդունակ չէ նման բանի: Նրան այնքան էին ծեծել, որ որդիս խոստովանական ցուցմունք էր ստորագրել, բայց նա չի կոտրվել: Դրա համար էլ նրան սպանել են»,-ասել է մահացած Զեյնալովի հայրը:
Զեյնալովի մահվան պատճառների վերաբերյալ ոչ մի բժշկական եզրակացություն եւ փաստաթուղթ ընտանիքը չի ստացել, իսկ նրանց բոլոր դիմումները մնացել են անպատասխան:
Սակայն պատմությունը դրանով չի ավարտվել: Տուրաչ Զեյնալովից բացի, ազգային անվտանգության նախարարություն է կանչվել Նախիջեւանի եւս 4 բնակիչ, բայց նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
«Տեղի իրավապաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում ստեղծված իրադրության առթիվ, մասնավորապես Նախիջեւանի 4 բնակչի ճակատագրի վերաբերյալ: Ազգային անվտանգության նախարարությունում դեպքի առթիվ որեւէ մեկնաբանություն չեն տալիս, իսկ անկախ իրավաբաններ Նախիջեւանում չկան, եւ տեղի իշխանությունները ոչ մեկի առաջ հաշվետու չեն»,-գրում է ադրբեջանական աղբյուրը:
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից կամ ՆԳՆ-ից պարզաբանումներ ստանալ փորձող լրագրողներին պատասխանում են. «դա Նախիջեւանն է, եւ Բաքուն չի կարող միջամտել նրա գործերին»:

No comments: