Wednesday, August 10, 2011

Իրանի ԶՈւ ԳՇ պետի նախազգուշացումը Իլհամ Ալիևին. «Եթե Արանի ժողովրդին ճնշեք, վերջը սև է լինելու»

Panorama.am. 9-8-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է ուշադրություն դարձնի, որ չի կարելի ճնշել ժողովրդի զարթոնքը:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին` անդրադառնալով Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությանը:
«Ես մի անգամ ևս նախազգուշացրել եմ, որ Արանի ժողովրդի երակներում իրանցու արյուն է հոսում և նրանց սիրտը բաբախում է առ իսլամ, Ղուրան և Ալի ունեցած սերը:
Հույս ունեմ, որ պարոն Ալիևը ուշադրություն կդարձնի այս հանգամանքին, եթե ոչ, վերջը սև է լինելու, ժողովրդական զարթոնքը ճնշման ենթակա չէ»,-նշել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, ազգային անվտանգության խորհրդի անդամ, գեներալ Ֆիրուզաբադին:
Նկատենք, որ իրանցի պատմաբանները և փորձագետները անդրադառնալով Ադրբեջան պետության ստեղծման թեմային նշում են. «Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքն իրականում այլ պատմական անուն է ունեցել: Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի համաձայն` Արաքսից հյուսիս ընկած շիաբնակ տարածքներն Իրանից անջատվում և անցնում են Ռուսական կայսրության տիրապետության տակ: 1911թ. Բաքվում հիմնվում է Մուսավաթական կուսակցությունը, որի հիմնադիրներ Ռասուլ Զադեն, Քազեմ Զադեն և Շարիֆ Զադեն, պանթյուրքիստական գաղափարներից ելնելով, հովանավորվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ արդեն 1918թ. առաջին անգամ Արան և Շիրվան տարածքներում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը:

No comments: