Wednesday, August 10, 2011

Ահմադինեժադի կոչը Եվրոպային

Hraparak.am. 9-8-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ է արել եվրոպական երկրներին չընկնել Միացյալ Նահանգների ազդեցության տակ եւ չգործել ընդդեմ Իրանի: «Կարծում եմ` ԱՄՆ-ն չպետք է ազդի Իրան-Եվրոպա հարաբերությունների վրա,- «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ահմադինեժադը,- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եվրոպացի ժողովրդին մեծ վնաս հասցվեց, որի համար նրանք թանկ վճարեցին, իսկ ամերիկացիները օգուտ քաղեցին այդ պատերազմից:
Մենք Եվրոպայի հարեւանն ենք եւ ուզում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ նրա հետ: Մենք կարող ենք կայուն տնտեսական եւ քաղաքական կապեր հաստատել»:
Իրանի նախագահի այս հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ նա Եվրոպային կոչ է անում Իրան-ԱՄՆ պատերազմի բռնկման դեպքում չեզոք դիրք ընդունել: Ներկայիս միտումները ցույց են տալիս, որ Արեւմտյան Եվրոպայի որոշ երկրներ կմիանան Միացյալ Նահանգներին:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան գրեթե միշտ միացել են Իրանի դեմ ընդունած տնտեսական եւ քաղաքական սանկցիաներին: Այդ երկրների լրատվամիջոցները հասարակությանը համոզում են, թե Իրանը ահաբեկչական երկիր է, միջուկային զենք է պատրաստում եւ վտանգ է ներկայացնում ամբողջ մարդկության համար: Եւ եթե պատերազմ լինի, եվրոպացիները դեմ չեն լինի, որ իրենց երկրներն էլ մասնակցություն ունենան:
Նշենք, որ պաշտոնական Թեհրանը չի հերքում, որ Իրանում միջուկային ծրագիր է իրականացվում, սակայն վստահեցնում է, որ ուրանի հարստացումը զուտ երկրի բնակչության էներգետիկ պահանջարկը բավարարելուն է ուղղված:
Մինչ օրս ԱՄՆ-ի ակտիվ ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն 6 հակաիրանական բանաձեւեր է ընդունել, որոնցից 4-ը տնտեսական եւ քաղաքական սահմանափակումներ են ներառում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ: Ամերիկացի դիվանագետները բանակցում են այլ երկրների ղեկավարների հետ Իրանի դեմ ընդունվող նոր սանկցաիներին միանալու համար:
Հիշեցնենք, որ միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտք-Իրան բանակցությունների վերջին շրջափուլը տեղի ունեցավ այս տարվա սկզբին, որից հետո թեեւ կողմերը բազմիցս հայտարարեցին, որ պատրաստակամ են շարունակել երկխոսությունը, այնուամենայնիվ, պաշտոնական հանդիպումներ դեռ տեղի չեն ունեցել: Փոխարենը պարբերաբար հայտարարություններ են հնչում երկու կողմերից: Արդյո՞ք Իրանը պատրաստ է բարեկամական ձեռք մեկնել Միացյալ Նահանգներին. «Euronews»-ի այս հարցին Ահմադինեժադը պատասխանել է.
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է բարեկամական հարաբերություններ ունենալ միջազգային մակարդակում: Բայց ամերիկացիներն ու նրանց ղեկավարությունը շփոթության մեջ են, չգիտեն ինչ անել: Նրանք պարզ քաղաքականություն չեն վարում, ամերիկացիներն են խզել իրենց հարաբերությունները մեզ հետ»: Իրանի նախագահը հիշեցրել է, որ տարիներ առաջ ամերիկացիներին թվացել է, որ եթե իրենք խզեն հարաբերությունները Իրանի հետ, այդ երկիրը կկործանվի:
«Այդ օրվանից անցել է 31 տարի, իսկ մենք դեռ գոյություն ունենք: Իրանի ժողովուրդը առաջ է շարժվում: Մենք կարծում ենք, որ ամերիկյան կառավարությունը պետք է փոխի իր քաղաքականությունը»,- հայտարարել է Մահմուդ Ահմադինեժադը:
ՀԵՂԻՆԱԿ՝ Արման Ղարիբյան

No comments: